Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/156

Այս էջը հաստատված է

Այսպես մոտեցան և մյուսները և, մի-մի բան ասելով, իրանց պսակները նվիրեցին Արեգին ու Նունուֆարին…

Այս տեսարանը մի տխրություն և թմրություն բերավ հանդիսականների վրա։ Շատերը բոլորովին վերացան ապշությունից։ Ամենից շատ տխրեցան աղջկերքը։ Նրանց գեղեցկությունն աղոտացավ, թխացավ ու մգացավ հրեղենների գեղեցկության մոտ։ Երիտասարդները դարձան մի տեսակ ապուշ վայրենիք, նրանց վստահությունը բոլորովին անհետացավ…

Միայն Արեգն էր ուրախ, միայն նա էր ազատ այդ ընդհանուր ապշությունից։ Այդ հոգեկան թմրությունից հանդիսականներին սթափելու համար Արեգը դարձավ լուսեղեն հյուրերին և ասաց.

— Ո՛վ երկնային թագուհիք, դուք ձեր շնորհաբեր այցելությունովը ինձ չափազանց ուրախացրիք։ Բայց, նայեցե՛ք, այս ի՜նչ ապշություն է, այս ի՜նչ տխրություն, որի մեջ ընկղմվել են ամենքը։ Մի՛ զարմանաք։ Այսպե՜ս ենք մենք՝ տկար հողեղեններս. ի՛նչ որ չափազանց բարի է, չափազանց գեղեցիկ, նույնը վայելելու կարողությունը չունինք մենք՝ մահկանացուներս։ Ճշմարի՛տ բարվո և գեղեցկի ճաշակից զուրկ արարածներ ենք մենք։ Ներշնչեցե՛ք մեր սրտերի մեջ վսեմ զգացմունք և բարձրագույն կարողություն, որ ձեր երկնային շնորհաբերությունը լիապես վայելել կարողանանք։ Խնդրում եմ՝ ուրախանաք, խնդաք և զվարճանաք իմ հարսանյաց հանդեսին և ուրախացնեք ամենքին երկնային ուրախությունով…

Բանից երևաց, որ մեր լուսեղեն օրիորդները, թեև մարմնացած, բայց չափազանց համեստ, չափազանց ամոթխած և երկյուղած են եղել. պետք է եղել, որ նրանց ստիպեն։ Արեգի խոսքերից խրախուսվելով՝ առաջ անցավ Ծաղիկը և, իբրև կարգադրիչ, մի պար սարքեց։ Ծիածանի կամարը, իբրև մի երկնային բյուրաղի[1] քնար, թրթռացրեց իր հազարերանգ թելերը և այնպիսի եղանակներ հնչեց, որ թե՛ հողեղենների և թե՛ նույնիսկ հրեղենների մեջ ձգեց հրաբորբոք մի աշխույժ։ Ամեն ոք սկսավ թև առնել թռչիլ չափազանց ուրախությունից։ Ծերերն անգամ թռչկոտում էին ու ջահիլների դանդաղկոտության վրա ծիծաղում։ Հետզհետե այնքան տաքացան, որ է՛լ զվարճություն չմնաց, որ չանեն։ Ցողիկն ու Աղբյուրիկը այնքան զվարճացրին, որ էլ ոչ ոքի մեջ ուժ չմնաց շատ ծիծաղելուց։ Մե՛րթ Արեգի մորուքիցն էին բռնում, մե՛րթ Նունուֆարի թշերը կսմթում և զանազան հաճոյական բաներ փսփսում նրանց ականջին…

Արեգը, Ցողիկի հետ պարելիս, մի խոր հայացք ձգեց նրա երեսին և փսփսաց ականջին.

— Ո՛վ համեստափայլ օրիորդ, ես կարծեմ ճանաչում եմ քեզ… Այո՛, ճանաչս գալիս ես, բայց չեմ վստահանում ասել. վախենում եմ, թե՝ միգուցե սխալված լինիմ։

— Սխալված չես, Արե՛գ,— պատասխանեց Ցողիկը,— ես նա ինքն եմ։

— Աղավնի աղջի՞կը։

— Այո՛։ Սրանք էլ բոլորը իմ քույրերս են…

— Օ՜… դու իմ աստվածուհի՛ն ես… դու ինձ նորից ստեղծեցիր…

— Ո՛չ, Արեգ։ Ես գիտեի միայն, որ դու ոչինչ չգիտես քո մասին։ Այդ իմ մորս՝ Բարենանի կամքովն էր եղած։ Նա ուրիշ հնար չուներ այն չար պառավին վերացնել աշխարհից։ Պետք էր քեզ պես մի անմեղ և արդար անձն, որ մինչև անգամ չիմանար իր ինչ լինելը և ավելի աղջիկ, քան տղա համարվեր։ Դու երբ որ ինձ մոտ տեսար քո կերպա-

  1. Բյուրաղի - հազարավոր լարեր ունեցող
152