Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/16

Այս էջը հաստատված է


Այդ ավազակները գնում են մի քարափի դեմ ընկնում, այնտեղ վեր են գալիս, Արևահատին ներս տանում մի մաղարա[1]։ Հենց որ ներս է մտնում, տեսնում է, որ ի՞նչ, մինչև երեսուն-քառասուն աղջկանից ավելի կան՝ շրջակա գյուղերից հավաքած այնտեղ։ Այդ խեղճ աղջկերքը այնպես էին հեծկլտում, որ տեսնողի մազերը փշաքաղվում էր։ Վախենում էին, թե բարձր ձայնով լաց լինին, ձայները փորներն էին գցել, ու արտասուքի հեղեղ էր, որ թափում էին հեկեկալով։

Արևահատը նրանց սիրտ է տալիս, թե՝ մի՛ վախենաք, մեզ կտանեն կծախեն, մենք էլ կփախչենք, կգանք էլի մեր աշխարհքը։ Բայց շատերն իմանում էին, որ իրանց պիտի տանեն վիշապին տան, որովհետև նրա համբավը տարածվել էր ամեն տեղ։

Մութը որ վրա է հասնում, դրանց դուրս են բերում քարափիցը, ու առաջներն արած՝ սարով, ձորով քշում-տանում օձահայր թագավորի մոտ։

Այստեղ Գյուլնազ տատն ասում է. «Երեխե՛ք, ես բեզարեցի, քունս տանում է, մնացածն էլ էգուց իրիկունը կասեմ»։ Բայց երեխեքը վրա են թափվում, քունը փախցնում, թե՝ չի լինիլ, պետք է վերջացնես, որ տեսնենք վերջն ինչպես է լինում։ Գյուլնազ տատը ճարահատած շարունակում է, բայց որովհետև քունը տանում էր, էլ շատ չի երկարացնում։

Բ

Աղջկերքը տեղ են հասնում։ Քաղաքի մեծ ու փոքրը հավաքվում են, որ տեսնեն ինչ աղջկերք են եկողները, ու տեսնում են, որ ի՜նչ՝ բոլորն էլ հայ աղջկերք, մինը քան մյուսը գեղեցիկ։ Շատ ափսոսում են, որ այդ խեղճերը պիտի վիշապի կերակուր դառնան։ Նրանց միջին միայն Արևահատն է ամենից տգեղ երևում, որովհետև երեսին ցեխ ու մուր էր քսել, սիրունությունը չէր երևում։ Թագավորը հրամայում է, որ դրանց լավ տան մեջ պահեն, լավ հագցնեն, լավ ուտեցնեն, գիրացնեն և օրենը մեկը տան օձին։ Առաջին օրը ընտրում են Արևահատին, թե՝ սա ամենից տգեղն է և չի էլ վախենում, առաջ դրան տանենք, որ մյուսներն էլ սիրտ առնեն։

Բռնում են Արևահատի կռնիցը, թե՝ դե արի գնանք, քեզ պիտի մարդու տանք, քո փեսացուն թագավորի որդին է, դու թագուհի կդառնաս։ Այդպես խաբելով, կռնիցը բռնած՝ տանում են օձի բնակարանը, որ թագավորական պալատումը մի ընդարձակ տեղ էր բռնում իր առաջի պարտեզովն ու նրա միջի գեղեցիկ ավազաններովը։

Երբ որ մտնում են պարտեզը և այնտեղից ուզում են դուռը բաց անեն, ներս գցեն, Արևահատն ասում է.

― Որովհետև ինձ տանում եք թագավորի որդու մոտ, թողե՛ք առաջ այս հավուզումը[2] երեսս լվանամ, հագուստս շտկեմ, մազերս սանրեմ, թե չէ՝ ամոթ է։

Ասում են.

― Շա՛տ լավ, ինչ անում ես՝ արա, մենք կհեռանանք կշտիցդ, որ դու չամաչես մեզանից։ Արևահատը որ մենակ է մնում, երեսը լվանում է, գլուխը սանրում, Արևամոր տված հագուստը հագնում է։ Այսպես զուգված, զարդարված որ դուրս չի գալիս, նրա տանող մարդիկը մնում են ապշած, այնպես են կարծում, թե՝ մի նոր արեգակ դուրս եկավ պարտեզիցը. չեն հավատում, որ նա իրանց տարած աղջիկն է, որ նա մի հողեղեն է. ասում են սա երկնքից կլինի եկած խեղճ աղջկա կերպարանքով, բայց հիմա փոխվեց, իր պատկերն առավ։

  1. Մաղարա - քարայր
  2. Հավուզ - ջրավազան
12