Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/162

Այս էջը հաստատված է

գին գոհարներ հագցրած և ոսկենկար փորագրություններով զարդարած։ Նա աղբյուրի մոտ տեսավ մի ծերունի, նրա մոտ միջահասակ մի գյուղացի, մի սիրուն գանգուրիկ տղա և մի մատաղահաս աղջիկ, որ ուզում էր ջուր տանել աղբյուրից։ Երիտասարդը կանգ առավ այդտեղ և խմելու ջուր ուզեց աղջկանից։

– Ի՜նչ հրաշալի ջուր է,– ասաց նա, երբ որ խմեց և ետ դարձրեց փարչը[1]։

Աղջիկը փարչը ողողեց և նորից լցրեց։

– Սիրուն աղջիկ,– ասաց երիտասարդը,– խնդրում եմ, ասա՛ ինձ, այս աղբյուրը չունի՞ մի որևիցե անուն։

– Ինչպե՜ս չէ,– պատասխանեց ջահել աղջիկը,– սա Պիրենայի աղբյուրն է։ Ես իմ տատիկիցս լսել եմ, որ Պիրենան մի սիրուն կնիկ է եղել։ Երբ որ նրա որդուն նետով սպանել է որսորդուհի Արտեմիսը՝ Պիրենան այնքան է լաց եղել, այնքան ողբացել, արտասվել, որ ինքը տեղն ու տեղը աղբյուր է կտրվել։ Սրանից է, որ այսքան անուշ է այս աղբյուրը, սրա կաթիլները որդեսեր մոր սրտի կաթիլներն են։

– Ես չէի կարծիլ երբեք, որ այսպիսի մի պայծառ, ուրախ և խաղացկուն աղբյուր արտասուքի՜ց լիներ առած իր ծագումը։ Սրա կարկաչյունն այնքան ուրախ է և այնքան գեղեցիկ է փայլում արևի տակ։ Ուրեմն, սա ի՞նքն է Պիրենայի աղբյուրը։ Սիրո՛ւն աղջիկ, շատ շնորհակալ եմ տված տեղեկությանդ համար։ Ես շատ հեռու տեղից եմ գալիս, և հենց սրան էի ման գալիս, սրան էի փնտրում։

Միջահասակ գյուղացին, որ իր կովը բերել էր ջուր տալու աղբյուրից, աչքերը հառած բոլոր ժամանակ Բելլերոֆոնին էր մտիկ տալիս և նրա ձեռքում եղած հրաշալի սանձին։

– Բարեկա՛մ, երևում է, որ ձեր կողմերում լեռնային աղբյուրները մի չտեսնված հրաշալի բան են,– ասաց նա երիտասարդին,– և դրա համար է, որ ալարդ չի եկել, և այնքան հեռու տեղից եկել ես Պիրենայի աղբյուրը գտնելու։ Եվ այդ ի՞նչ է պատահել քեզ, բարեկա՛մ, երևի ձիդ կորցրել ես։ Սանձն ինչո՞ւ համար ես բռնել ձեռիդ։ Եվ ի՜նչ սիրուն զուքս[2] ունի, ի՜նչ սիրուն զարդարանք։ Երկու շարք, բոլորն էլ անգին քարեր։ Եթե ձիդ էլ սանձիդ նման է եղել, դրան հարմար, ուրեմն՝ շա՜տ ափսոս, եթե կորել է։

– Իմ ձին չի կորել,– ասաց երիտասարդը ժպտալով։– Ես դեռ նոր պիտի գտնեմ այն երևելի ձին, որ, իմաստուն մարդկանց ասելով՝ պետք է որ ձեր կողմերումը լինի անպատճառ։ Բարեկա՛մ, դու ինքդ լսած չկա՞ս, Պեգաս անունով թևավոր ձին հիմա էլ գալի՞ս է արդյոք Պիրենայի աղբյուրից ջուր խմելու, ինչպես որ սովորություն է ունեցել այն հին ժամանակները, երբ դեռ կենդանի է եղել քո ապուպապի ապուպապը։

Գյուղացին ուրախ-ուրախ խնդխնդաց երիտասարդի այս ասածի վրա։

Իսկ դո՛ւք, իմ սիրելի ընթերցողներ, լսած կա՞ք արդյոք, որ Պեգաս անունով մի ձի է եղել, հրեղեն ձի, ձյունի նման սպիտակ, արծաթափայլ շքեղ թևերով։ Նա կենալիս է եղել Հելիկոն սարի գագաթի վրա։ Պեգասը եղել է շատ կայտառ և աշխույժ, արագընթաց և թեթևագնաց, նա բարձրանալիս է եղել մինչև ամպերը և այնքան բարձր, ուր արծիվն անգամ չէր կարող հասնիլ։ Նրա նման էլի մի ուրիշ ձի չի եղել աշխարհքում, նա չի ունեցել իրա հատը։ Ոչ ոք նրան չի թամքած, ոչ ոք չի սանձած, չի պայտած, և նա շատ տարիներ ապրել է Հելիկոն սարի գագաթին մեն-մենակ, ազատ և բախտավոր։

Եվ ինչքա՜ն ուրախ էր անցկացնում իր կյանքը թևավոր ձին։ Գիշերները քնում էր

  1. Փարչ - կավե կամ պղնձե բռնակավոր գավաթ
  2. Զուքս - զարդարանք, արդուզարդ
158