սրա համար էլ ահա առաջարկեց նրան, որ գտնի չար Օշափին և սպանե։ Ոչ ոք սիրտ չէր անում ձեռք զարկել այսպիսի մի քաջագործության, որովհետև ամենքն էլ, նրա միայն անունը լսելով՝ դողում էին. իսկ եթե չսպանեին՝ նա պիտի ամբողջ Լիկիան անշեն անապատ դարձներ։ Բելլերոֆոնը թագավորի այս առաջարկության վրա մի րոպե մտածության մեջ ընկավ, բայց հետո վճռական խոսք տվավ թագավորին, որ կերթա, կսպանե Օշափին, իսկ եթե չկարողանա՝ իր ոսկորները նրա մոտ կթողնե։
Լսած լինելով, որ երեքգլխանի Օշափը շատ արագաշարժ և ճարպիկ է, այն մտքին եկավ, որ անկարելի է այնպիսի մի հրեշի դեմ հետևակ կռվել, այլ՝ դրա համար հարկավոր է անպատճառ ձեռք բերել ամենաքաջ և ամենազորեղ ձի։ Իսկ այս կողմից աշխարհիս երեսին ի՞նչ ձի կարող է հավասարվել Պեգասին, որ համ ոտքեր ուներ, հա՛մ թևեր, և օդի մեջ ավելի ևս արագ էր թռչում, քան վազում երկրի երեսին։ Ինչ ասել կուզի, որ Բելլերոֆոնին ամեն կողմից սկսեցին հավատացնել, որ թևավոր ձի չկա ոչ մի տեղ, և ինչ որ պատմում են թևավոր ձիաների մասին, բոլորն էլ դատարկ զառանցանքներ են միայն և անմիտ ցնորքներ։
Բայց, այնուամենայնիվ, Բելլերոֆոնը հաստատ համոզված էր, որ Պեգասը հնարովի բան չէ, այլ նա կա և ուշ թե վաղ՝ իր ձեռքը կընկնի, որ նրան կսանձե ինքը և, վրան հեծնելով՝ կերթա Օշափի հետ կռվելու։
Այս նպատակով ահա նա Լիկիայից ճանապարհ ընկավ դեպի Էլլադա, ուր և ձեռք բերավ իր ձեռքում եղած թանկագին սանձը։ Այդ սանձը աղոթած էր, այսինքն՝ կախարդած, դյութած էր։ Հենց որ կարողանար սանձի ոսկեզօծ երասանը Պեգասի բերանը դնել՝ թևավոր ձին իսկույն կհպատակեր նրան, նա էլ իսկույն կթռչեր, վրան կնստեր և որ կողմ ուզենար, այն կողմը կքշեր։ Ինչ ասել կուզի, որ քաջ երիտասարդը հուզված սրտով սպասում ու մնում էր, թե՝ ե՞րբ կգա արդյոք Պեգասը Պիրենայի աղբյուրից ջուր խմելու։ Նա շատ էր մտատանջվում, թե՝ միգուցե Հոբաթ թագավորը կարծիք տաներ, թե ինքը փախել է՝ վախենալով Օշափից։ Շատ էր վշտանում, երբ որ միտն էր բերում, թե՝ ի՜նչ ահագին վնասներ է հասցնում երկրին այն զազրելի հրեշը, իսկ ինքը, փոխանակ նրա դեմ պատերազմելու, ձեռները ծոցին՝ նստել է սառնորակ աղբյուրի մոտ և նայում է, թե ինչպե՛ս է բխում նա սարից, թափվում ավազանի մեջ և նրա հատակը ծածկում պսպղուն ավազի շերտով։ Լսում էր, որ իբր թե՝ վերջին տարիներում Պեգասը շատ հազիվ էր երևում աղբյուրի մոտ, և թե նա իր բոլոր կյանքում միայն մեկ անգամ է երևացել մարդու։ Նա շատ էր վախենում, թե՝ միգուցե այստեղ սպասելով մինչև ծերության հասնի, երբ այլևս չի կարողանալ տիրել թևավոր ձիուն, եթե գալու էլ լինի, որովհետև ծերությունից իր ձեռքերն արդեն թուլացած կլինին, քաջությունը կորցրած։ Ավա՜ղ, ինչքա՜ն տխուր ու դատարկ է անցնում ժամանակը, երբ որ եռանդալից երիտասարդությունը ձգտում է հասնել իր ցանկացած նպատակին, երևակայած փառք ու պատվին։ Համբերել և սպասել շա՜տ ծանր է։ Մեր կյանքը, առանց այս էլ, այնքա՜ն կարճ է, բայց էլի ինչքա՜ն դատարկ տարիներ ենք անցկացնում համբերության շնորհիվ։
Բելլերոֆոնի բախտից՝ աղբյուրի մոտ եղած գանգուրիկ երեխան այնպես կպել էր նրան, որ մոտիցը չէր հեռանում համարյա։ Ամեն բարիլուսի Բելլերոֆոնին ասում էր ուրախ-ուրախ.
- Ի՞նչ ես կարծում, Բելլերոֆո՚ն, շա՜տ կարելի է, որ այսօր մենք Պեգասին տեսնե՛նք։