Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/17

Այս էջը հաստատված է


Արևահատը մոտենում է նրանց ու էլ խեղճ-խեղճ չի խոսում, այլ հրամայում է, թե՝ ի՞նչ եք պլշել տավարի պես, ցո՛ւյց տվեք ինձ ճանապարհը, ո՞ւր պիտի գնամ։ Այսպես որ հրամայում է նրանց՝ նրանք դողում, սարսափում են. չոքում են առաջին, մեղա գալիս, խնդրում են, որ իրանց հանցանքը ների։ Ասում են՝ քեզ բերել ենք ոչ թե մարդու տալու, այլ՝ վիշապին, որ ահա այս տան մեջն է։ Եթե ուզում ես՝ մենք քեզ կազատենք, թեկուզ թագավորը դրա համար մեզ խեղդել տա։

Արևահատն ասում է՝ հարկավոր չէ. տվե՛ք ինձ այս դռների բալանիքները, ես վիշապից չեմ վախենում։

Բալանիքները առնում է, բաց է անում դուռը, սենյակից սենյակ անցնելով՝ մտնում է մի մեծ դարբաս, տեսնում է, որ ահա այստեղ, տախտակի վրա մի ահագին վիշապ է մեկնված։ Արևահատը մի քիչ հեռու կանգնում է ու ասում.

― Բարո՛վ քեզ, թագավորի որդի։ Ես Արևամոր կշտիցն եմ գալիս․ նա շնորհավորում է քո ծնունդը ու քեզ արևշատություն է ցանկանում։

Վիշապը գլուխը բարձրացնում է ու սուր աչքերով մտիկ է տալիս Արևահատին։ Արևահատը սկսում է դողդողալ, ամբողջ մարմինը սարսռում է, մազերը՝ փշաքաղվում։ Օձը տեսնում է, որ Արևահատը վախենում է, գլուխը շուռ է տալիս՝ տանում պոչի մոտ, բայց մեկ էլ էլի ետ է դառնում մտիկ տալիս, այսպես կրկնում է մի քանի անգամ և խեղճ աղջկանը հալումաշ է անում։ Հետո Արևահատի միտն է ընկնում Արևամոր տված խրատը, նոր սիրտ է առնում ու ասում է.

― Թագավորի որդի, եթե ինձ ուտելու ես՝ միանգամից կուլ տուր, ես պրծնեմ, էլ ինչո՞ւ ես ինձ այսպես տանջում, իսկ եթե ոչ՝ Արևամոր անունովը ես քեզ հրամայում եմ՝ դո՛ւրս արի քո խորխիցը (մաշկից

Այս խոսքի ասելն ու վիշապի կծկվիլը մին է դառնում։ Կծկվում է, կծկվում, կոլոլվում, դողդողում, ոլորվում ու մեկ էլ՝ որ չի տրաքվո՜ւմ, նրա ձայնից բոլոր պալատն այնպես է թնդում, որ թագավորն ինքը տեղիցը վեր է թռչում։

Ամեն կողմից վազում գալիս են, որ տեսնեն ինչ պատահեց, ու գալիս տեսնում են, որ ի՜նչ՝ վիշապի խորխը մի կողմ ընկած, ու նրա տեղ սպիտակ սավանում փաթաթված մի սիրուն տղա, մոտն էլ խաս ու ղումաշում[1] ծփալիս, արևի նման շարմաղ մի աղջիկ նստած՝ իրար հետ խոսում, ծիծաղում են։ Իսկույն վազում են թագավորին ականջաբռնուկ[2]. նրան աչքալույս են տալիս ու ասում. «Բա չես ասիլ, օձը մի սիրուն, շարմաղ տղա է դառել»։ Թագավորը, թագուհին վազում են, իրանց որդուն ջոկ, Արևահատին ջոկ գրկում, համբուրում։ Տղային հագցնում են, զուգում, զարդարում, անունն էլ դնում են Օձամանուկ։ Հետո Օձամանուկին ու Արևահատին յոթն օր, յոթը գիշեր հարսանիք են անում, նրանք հասնում են իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

  1. Ղումաշ - մետաքս
  2. Ականջաբռնուկ - ուրախ լուրի ավետում
13