Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/170

Այս էջը հաստատված է

ընկնում, մեկ՝ այն, մեկ էլ թռչում էր դեպի վեր, մի քիչ պտտվում և նորից իջնում ու վազվզում փափուկ կանաչկուտի վրա։ Բելլերոֆոնը, տղայի ձեռքից բռնած, թփուտի միջից նայում էր այս տեսարանի վրա, որի պես գեղեցիկ բան նա իր կյանքումը տեսած չէր։ Պեգասի ողջ կազմվածքը, նրա բարակ-բարակ ոտները, նրա բարեկազմ գլուխը, թավամազ պոչը, ալեծածան բաշը, ձյունի նման սպիտակ, արծաթի պես փայլուն, այս բոլորը հիացրել, զարմացրել էին Բելլերոֆոնին։ Իսկ նրա խելոք ու վառվռուն աչքերի նմանը ո՜չ մի ձիում տեսած չէր։ Նրան հանցանք էր թվում այսպիսի մի հիանալի ձիու վրա թամբ դնելը, և առավել ևս՝ նրա վրա ցատկել նստելը։

Մեկ թե երկու անգամ Պեգասը կարծես թե թալկացավ, թուլացավ, կանգնում էր հանկարծ, ականջները խլշում, հոտ քաշում, գլուխն այս ու այն կողմ ձգում՝ կարծես զգալով, որ իր մոտ դարանամուտ եղած մարդիկ կան։ Բայց երբ որ չտեսավ և չլսեց ոչինչ վտանգավոր բան, նորից սկսեց իր առաջվան խաղերը։

Բայց ահա որպես թե հոգնեց վերջապես, թևերը ծալեց և նստեց փափուկ կանաչկուտի վրա։ Թեթև օդի զավակ լինելով՝ նա չէր կարողանում քիչ ժամանակ հանգիստ կենալ, շրջվեց քամակի վրա և, ոտքերը վեր ցցած, սկսեց սահել մեջքի վրա։ Ինքը թևավոր, մեն-մենակ ամբողջ աշխարհում, անհիշելի ժամանակներից ի վեր ապրած, ո՛չ մի ընկեր չունեցած երբեք, այժմ զվարճանում էր՝ ինչպես բոլոր էակներից ամենաբախտավորը։ Սա մի հետաքրքրական տեսարան չէ՞ր միթե։ Բելլերոֆոնն ու մանչուկը չէին կարողանում աչքները Պեգասից հեռացնել։ Նրանք մասամբ հաճույքից և մասամբ երկյուղից շունչները պահել էին, ըստ որում՝ աննշան մի շշուկից ու շշունջից կխրտներ Պեգասը և նետի պես կսլանար դեպի երկինք։ Բավականաչափ թավալգլոր գալուց հետո վերջապես Պեգասը շտկվեց և հասարակ ձիու պես դանդաղ կերպով առաջին ոտները ձգեց, որ վեր կենա։ Բելլերոֆոնն իսկույն գլխի ընկավ, որ ձին վեր կենալուն պես պիտի ճանապարհ ընկնի, նա մի ակնթարթում դուրս ընկավ թփուտից և մի ճարպիկ ոստյունով թռավ նստեց ձիու քամակին։

Այո՛, նստեց թևավո՜ր ձիու վրա…

Երևակայել պետք է, թե ինչպե՛ս վեր թռավ Պեգասը՝ իր կյանքումն առաջին անգամն զգալով իր վրա հողեղեն մարդու ծանրություն։ Վեր թռչել եմ ասում, բայց չկարծեք, որ մի հասարակ ոստյուն էր, որ արավ Պեգասը։ Բելլերոֆոնը դեռ խելքը գլուխը չէր հավաքել, որ Պեգասի հետ արդեն գետնից բարձրացել էին մինչև հինգ հարյուր ոտնաչափ և սլանում էին նետի արագությամբ։ Թևավոր ձին նրա տակին փռնչում էր և երկյուղից ու զայրույթից դողում, սարսափում։ Թռան-գնացին միշտ բա՜րձր ու բա՜րձր, մինչև հասան ամպալից օդի ցուրտ շերտերը, որոնց վրա մի քանի րոպե առաջ Բելլերոֆոնը գետնին պառկած նայում էր և սքանչանում։ Այդ բարձրությունից ձին ուղղակի ցած նետեց ինքզինքը[1], որ մի ժայռի կամ ուրիշ բանի դիպչելով՝ ջարդուխուրդ անի իր հեծյալին։ Բայց այսպիսի բան չպատահեց. Բելլերոֆոնն այնպես չէր կպել նրան, որ բաց թողներ կամ վայր ընկներ, բայց սրա վրա ի՜նչ բաներ արավ չարացած թևավոր ձին, ի՜նչ ճարպիկություններ բանեցրեց, ցիրկում խաղացող ակրոբատներն այն չեն անում, ինչ որ մեր Պեգասն արավ օդի մեջ. ի՜նչ վեր-վեր թռչել, ի՜նչ օրորվել, ի՜նչ աքացիք շպռտոտել դես ու դեն, ի՜նչ տրտինգներ տալ։ Գլուխը գցում էր առաջին ոտների արանքը, թևերը վեր ցցում և սկսում մեկ թե երկու գլուխկոնծի տալ կապիկի նման։ Շուռ էր գալիս մեջքի վրա և, ոտները վեր ցցելով, թափահարում ինքզինքը, կամ գլուխը դեպի պոչն

  1. Ինքզինքը - ինքն իրեն
166