տության մեջ։ Բելլերոֆոնն ընկավ երկյուղի մեջ. նա շատ վախեցավ, թե՝ չլինի՞, հիրավի, թևավոր ձին այլևս չերևա ոչ մի անգամ։ Նա արդեն սկսեց զղջալ իր արարմունքի վրա. «Այս ի՜նչ խելք էր, որ ես բանեցրի»,– ասում էր նա ինքն իրան։ Բայց մեկ էլ տեսավ, որ պսպղուն կետը նորից երևաց երկնքի վրա և սկսեց կամաց-կամաց իջնել դեպի ցած և ցած, մինչև վերջապես իջավ իր տիրոջ առջև։ Այս փորձից հետո այլևս տեղիք չկար կարծելու, որ թևավոր ձին կփախչի երբևիցե։ Ձին և իր տերը մտերմացան իրար և այնուհետև հավատում էին միմյանց առանց կասկածելու։
Այս գիշեր մեր երկու բարեկամները տեղավորվեցին մի ժայռի խոռոչում և քնեցին իրար կողքի։ Բելլերոֆոնը բոլոր գիշերը ձեռքը չհեռացրեց Պեգասի վզից, ոչ թե զգուշության, այլ՝ շատ սիրելուն համար։ Վաղ առավոտվա բարիլուսին վեր կացան և միմյանց ողջունեցին՝ ամեն մեկն իր լեզվով։
Բելլերոֆոնը մի քանի օր կացավ Հելիկոնի վրա Պեգասի հետ. այս միջոցին նրանք ավելի մոտեցան միմյանց և ավելի մտերմացան։ Շատ անգամ միասին օդային ճանապարհորդություն էին անում և երբեմն այնքան էին բարձրանում, որ գետինը նրանց աչքում լուսնի չափ էր երևում։ Նրանք գնացին մի քանի երկրներ, ամեն տեղ նրանց տեսնող մարդիկը զարմանում էին և կարծում էին, որ թևավոր ձիով ճանապարհորդող սիրուն երիտասարդը Ոլիմպոսից կլինի իրանց մոտ հյուր եկած։ Պեգասի համար մեծ բան չէր օրական մի քանի հազար մղոն[1] տեղ թռչելը։ Բելլերոֆոնը հափշտակվել էր այս տեսակ կյանք վարելուց, նա բոլոր կյանքն ուրախությամբ անց կկացներ մթնոլորտի վերին խավերում, ուր ամեն ժամանակ, ինչ տեսակ եղանակ էլ լիներ երկրիս վրա, միշտ պարզ էր և տաք։ Բայց նա չէր կարող մոռանալ իր տված խոստումը Հոբաթ թագավորին՝ Քիմեռ-Օշափին սպանելու մասին։ Երբ որ փոքր-ինչ ընտելացավ օդային արշավանքներին և սովորեց Պեգասի հետ վարվել այնպես, որ նա իր տիրոջ ձեռքի տակ աննշան շարժումից և հազիվ լսելի ձայնից հասկանում էր նրա միտքը, այն ժամանակ մտքում վճռեց ձեռնարկել մտադրված վտանգավոր քաջագործությանը։
Եվ ահա մի առավոտ վաղ զարթնելով՝ թեթև կերպով կսմթեց Պեգասի ականջից, որ զարթեցնի նրան։ Սրա վրա Պեգասն իսկույն վեր կացավ տեղիցը և քառորդ մղոնաչափ մի ոստյուն արավ դեպի վեր, մի ակնթարթում պտտեց Հելիկոնի ամբողջ գագաթը, որ ցույց տա տիրոջը, թե ինքը բոլորովին սթափված է, թարմ է և պատրաստ՝ ուր ուզես թռչելու։ Այսպես ահա առավել ևս թարմանալով և ուրախ-ուրախ խրխնջալով՝ եկավ իր տիրոջ մոտ, բայց այնքան թեթև, որ կարծես ճնճղուկ լինի՝ ոստից ոստ թռչկոտելիս։
– Շա՜տ լավ ես չափ ընկնում, սիրելի՛ Պեգաս, հիանալի են թռիչքներդ,– գոչեց Բելլերոֆոնը և գուրգուրելով շփեց թևավոր ձիու գեղեցիկ պարանոցը։– Ժամանակ է, կարծեմ, որ քեզ հետ գնանք մեր գործին։ Այսօրևեթ գնանք պատերազմելու Քիմեռ-Օշափի հետ։
Նախաճաշելուց և Իպոկրենայի պաղ աղբյուրի ջրից խմելուց հետո Պեգասն ի՛նքը մեկնեց իր գլուխը՝ սանձելու համար։ Մինչև Բելլերոֆոնը կզրահավորվեր, թուրը կկապեր կողքին, վահանը կկախեր, առհասարակ կզինավորվեր կռվի համար, Պեգասն անհամբերությունից ոտքով դոփում էր գետինը, խայտում, խաղում և ոստոստում։ Երբ որ ամեն ինչ պատրաստ էր՝ Բելլերոֆոնը հեծավ ձին, ըստ սովորության՝ շեշտակի դեպի
- ↑ Մղոն - երկարության չափի միավոր