Մի ակնթարթում Պեգասն ու իր հեծյալը սավառնում էին արդեն բարձր երկնքում։ Բարկությունից խռմփում էր Պեգասը և բոլոր մարմնով դողում էր, իհարկե՝ ոչ երկյուղից, այլ՝ եռագլուխ գարշելի սողունից զզվելով։
Օշափի կատաղությանն է՛լ չափ չկար։ Նա ձգվել էր իր բոլոր երկայնությամբ և, կռթնելով իր օձային պոչի վրա, ճիրանավոր թանթուլները օդի մեջ այս ու այն կողմ էր հածում[1] և, ետ ձգելով իր երեք գլուխները, կրակի հեղեղ էր վիժում դեպի վեր, որ այրե Պեգասին և նրա հեծյալին։ Ինչպե՜ս մռնչում էր, ինչպե՜ս վսսում ու մկկում։ Մինչ այս, մինչ այն, Բելլերոֆոնը ձախ ձեռքն առավ վահանը և աջով թուրը հանեց պատյանից։
– Հապա՜, քե՜զ տեսնեմ, Պեգա՛ս ջան,– շշնջաց նա թևավոր ձիու ականջին,– ինձ չամաչեցնես. օգնի՜ր ինձ, որ չքացնենք այս երկրային հրեշը, եթե ոչ՝ դու կթռչես դեպի Հելիկոն առանց ետ նայելու և առանց քո մտերիմ բարեկամիդ։ Կա՛մ կկործանվի Օշափը, կա՛մ նրա բոլոր երեք ռեխները կլափեն ինձ մի քանի րոպեի մեջ։
- ↑ Հածել - ման գալ, շրջել, դեգերել, թափառել