Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/177

Այս էջը հաստատված է

լարվում, կծկվում էր քարայրի արյունաթաթախ ավազի վրա, մեկ՝ ձգվում, ցցվում էր սյունի պես և կրճտում բաց ռեխը։ Իսկ այդ գարշելու ռեխն էլ այնքան մեծ էր, որ Պեգասն իր տիրոջ հետ միասին, առանց իր երկար թևերը ծալելու, կարող էր ներս թռչել նրա միջով և անցնել կոկորդովը դեպի նրա անհագ, անհատակ որկորը[1]։

Երբ որ նկատեց հրեշը, որ իր թշնամին հարձակվելու վրա է, սկսեց բառաչել և գետաչափ հրահեղեղ վիժել, որով խանձխնձեց Պեգասի քնքուշ թևերը և Բելլերոֆոնի բոլոր ձախ կողմի ոսկեմազ գանգուրները։ Բայց սրանով դեռ չանցավ վտանգը։

Առաջ թույլ տվավ, որ թևավոր ձին իր հեծյալով մի քիչ իրան մոտենա, ու հետո մի հանկարծական ոստյունով ընկավ Պեգասի գավակը և իր բոլոր անճոռնի կազմվածքով կպավ նրանից ու սկսեց իր ճապուկ[2] ու ջղային պոչը չվանի պես բոլորիշուրջ փաթաթել Պեգասին։ Այս գարշելի բեռով բարձված՝ ձին և ձիավորը թռան դեպի վեր և վեր. նրանց ներքևում պսպղում էին արդեն լեռներն ու ամպերը, բայց նրանք էլի շարունակում էին իրանց թռիչքը։ Օշափը նրանցից չէր գջլվում և ավելի խոր էր ցցում իր գարշելի ճիրանները խեղճ Պեգասի մեջքին։ Այս միջոցին Բելլերոֆոնը շրջվեց և, իր կուրծքն ու երեսի կեսը վահանով պատսպարելով, աչքն անակնթարթ ձգեց հրեշի աչքը։ Մարդկային աչքի հայացքը կարող չէր տանել Օշափը. նա խփեց աչքերը և առաջի թանթուլները մեկնեց, որ վահանի վրայից բռնե Բելլերոֆոնի գլուխը, բայց բաց արավ իր կուրծքը, և Բելլերոֆոնը ներս ցցեց իր սուրը նրա կրծքի մեջ մինչև կոթը։ Հենց որ այս մահացու վերքն ստացավ Օշափը՝ նրա պոչն արձակվեցավ, և գարշելի հրեշը, իր բոլոր թեփամորթ ջանդակով վայր կործանվելով, ընկավ մի բարձր ժայռի վրա. նրա փորոտիքից մի նոր կրակ բորբոքվեց, և Քիմեռի բոլոր մարմինն սկսեց այրվիլ։ Երկրի վրայից արևի մայր մտնելուց հետո շատ մարդիկ նայեցան և տեսան, որ երկնքից գալարվելով ներքև է թռչում մի գունդուկծիկ եղած ահռելի հրեղեն բան՝ երկար պոչով, շատ վախեցան և կարծեցին, թե՝ միգուցե մի օդերևույթ կլինի կամ պոչավոր աստղ, բայց մյուս օրը վաղ առավոտյան մի քանի երկրագործ գնացին աշխատելու իրանց ագարակում և այնտեղ սարսափելով տեսան, որ իրանց բոլոր արտերը սև մոխիրով են ծածկվել, իսկ արտերի մեջտեղը ոսկորների մի կույտ կա, մեծությամբ մի ահագին դեզի չափ։ Այդ օրվանից մինչ օրս ոչ մի մարդ այլևս տեսած չէ Օշափին։

Այս փայլուն և փառավոր հաղթանակը տանելուց հետո Բելլերոֆոնը քնքուշ սիրով համբուրեց Պեգասի գլուխը։ Ուրախությունից նրա աչքերը ջրակալեցին։

– Ետ գնանք, սիրելի՛դ իմ,– ասաց,– գնանք Պիրենայի աղբյուրը։ Շնորհակալ եմ կատարած քաջագործությանդ համար։

Պեգասը, օդի մեջ ծածանելով, սկսեց թևավարել, և մի քանի րոպե հազիվ անցած՝ նա արդեն մեզ ծանոթ Պիրենայի աղբյուրի ափին էր։ Այնտեղ ամեն ինչ մնացել էր անփոփոխ, հիշողությունը կորցրած ծերունին եկավ վայրի պտուղներով, տավարած գյուղացին կովերը բերավ ջուր տալու, ջահիլ աղջիկը կուժն ուսին եկավ ջրի։

– Հիմա միտս է գալիս,– ասաց ծերունին՝ նայելով Պեգասի վրա,– որ այս թևավոր ձին ես տեսել եմ մեկ անգամ երեխա ժամանակս։ Բայց այն ժամանակները սա տասը հազար անգամ ավելի գեղեցիկ էր, քան թե հիմա։

– Սրա նման երեք հատը ուրախությամբ կփոխեի մի հատ բեռնակիր ձիու հետ,– ասաց կովարածը։– Այդ թևավոր ձին եթե իմս լիներ՝ ես նախ և առաջ արմատից կխուզեի սրա թևերը։

  1. Որկոր - փոր, ստամոքս
  2. Ճապուկ - դյուրաթեք, դյուրաշարժ, ճկուն, արագաշարժ
173