նրա մազերի մի կողմը ոսկի կլիներ, մյուս կողմը՝ արծաթ, նրա թափած արտասուքների ամեն մի կաթիլը մարգարիտ կդառնար, նրա ծիծաղի ձայնը կհնչեր ոսկե դրամների նման, իսկ նրա ժպիտը վարդի կոկոնի նման կբացվեր նրա շրթունքների վրա։
Ահա՛ բոլորը։
Սուլթան Խոսրով-շահը և նրա ուղեկիցը տեսան և լսեցին բոլորը։ Բայց չուզենալով, որ իրանց նկատեն, ընդհատեցին իրանց ականջ դնելը և շուտով հեռացան։
Խոսրով-շահը այդ լսածները շատ հետաքրքրական համարեց և իր հոգու մեջ ցանկություն զգաց կատարելու այն ամենը, ինչ որ ցանկանում էին աղջկերքը և, իր մտադրությունը չհայտնելով իր ուղեկցին, հրամայեց, որ լավ նկատի այն տունը, որ մյուս օրը գա երեք քույրերի հետևից և նրանց տանե պալատը։ Վեզիրը պատասխանեց, որ լսում է և կհնազանդի, և մյուս օրն շտապեց կատարելու սուլթանի հրամանը ու քույրերին տարավ պալատ։
Սուլթանը, գահի վրա նստած, գլխով ու աչքով արավ՝ ասելով.
— Մո՛տ եկեք։
Եվ մոտեցան նրանք՝ բոլոր մարմնով դողալով և մըճըճվելով[1] իրանց աղքատիկ քաթանի շորերի մեջ, իսկ սուլթանը ասաց նրանց՝ բարեհոգությամբ ժպտալով.
— Ողջո՛ւյն ձեզ, ո՜վ ջահել աղջկերք, այսօր բացվել է ձեր բախտը, և կկատարվի ձեր ցանկությունը, իսկ ձեր ցանկությունը ինձ արդեն հայտնի է, որովհետև թագավորներն ամեն ինչ իմանում են։ Ամենից առաջ կկատարվի ամենից մեծիդ ցանկությունը. այսօրևեթ դու կամուսնանաս իմ ավագ գաթաջու հետ։ Իսկ դու, երկրո՛րդ, կամուսնանաս իմ ավագ խոհարարի հետ։— Այս ասելուց հետո թագավորը կանգ առավ և հետո դարձավ կրտսերին, որ, սաստիկ շփոթվելուց, քիչ էր մնում սիրտը գնա և վայր ընկնի գորգերի վրա։ Թագավորը կանգնեց ջուխտ ոտքի վրա և, բռնելով նրա ձեռքը, նստեցրեց իր կողքին գահի վրա և ասաց.
— Դու թագուհի ես, այս պալատը քո ապարանքն է, իսկ ես քո ամուսինդ եմ։
Երեք քույրերի էլ հարսանիքը հենց նույն օրը կատարեցին, թագուհու հարսանիքը՝ մի չլսված փառավորությունով, իսկ մյուսներինը՝ սովորական կերպով, ինչպես կատարում են հասարակ մարդիկ։ Այս պատճառով մեծ քույրերը սաստիկ նախանձեցին և մտքներումը դրին իրանց փոքր քրոջը մի փորձանքի բերել։ Բայց իրանց այդ չար միտքը ամենայն զգուշությամբ ծածուկ էին պահում և երեսանց շնորհակալությամբ էին ընդունում իրանց թագուհի քրոջ ընդունելությունը, որ նա անում էր իր քույրերին, չնայած իրանց ստոր վիճակին։ Փոխանակ բավականանալու այն բախտից, որով բախտավորվել էին իրանք՝ նայելով իրանց քրոջ բարձր վիճակին, չարաչար տանջվում էին նախանձից ու ատելությունից։
Եվ այս կերպով անցավ ինն ամիս։ Ինն ամսի վերջում թագուհին մի որդի ծնեց՝ գեղեցիկ, ինչպես նորածին լուսին։ Մեծ քույրերը, որոնք սուլթանի խնդիրքով ներկա էին նրա երկունքի ժամանակ և մանկաբարձուհու պաշտոն էին կատարում, ոչ մի գթաշարժություն չունեցան դեպի քույրը և ո՛չ հափշտակվեցին նորածնի գեղեցկությունովը, այլ՝ հնար մտածեցին խորտակելու մատաղահաս մոր սիրտը։ Նրանք իսկույնևեթ վերցրին նորածին մանուկը, դրին մի փոքր զամբյուղի մեջ ու թաքցրին միառժամանակ, իսկ նրա տեղը դրին մի սատկած շան լակոտ և, ցույց տալով բոլոր պալատական կիներին, հա-
- ↑ Մըճըճվել - խճճվել