կլիներ կատաղի զայրացման, եթե անծանոթ լիներ անքննելի արդարության պատվերներին։ Սուլթանուհու սիրտը լիքն էր կսկիծով և հուսահատությամբ։
Իսկ ինչ վերաբերում է երեխային, պետք է ասել, որ երեխաների բախտի պահպանողը ներշնչեց այգիների կառավարչին, որ զբոսնում էր գետափին, որ նա դարձյալ նկատի զամբյուղը։ Եվ ինչպես առաջին անգամը, կառավարիչը փրկեց երեխային և տարավ կնոջ մոտ, որ սիրեց նրան, ինչպես իր սեփական զավակին, և սկսեց նրան նույնպես մեծ հոգատարությամբ սնուցանել, ինչպես առաջինին։
Սուլթանուհին ծնավ երրորդ զավակը։ Իսկ նրա քույրերը, որոնց ատելությունը դեռ չէր բավականացած, շարունակում էին իրանց կրտսեր քրոջ կորստի մասին մտածել, և նորածին աղջկանը նույն ձևով ջուրը ձգեցին, ինչպես և նրա եղբայրներին։ Բայց նրան էլ պատսպարեց այգիների կառավարիչը և նրա եղբայրների հետ սննդեց, դաստիարակեց։
Բայց այս անգամ, երբ քույրերը իրանց անելիքն անելով՝ նորածնի տեղը դրին մի կույր մուկ, սուլթանը, չնայած իր բարեգթությանը, չկարողացավ զսպել բարկությունը և բացականչեց.
— Աստված անիծում է իմ ցեղս այն կնոջ պատճառով, որի հետ ես ամուսնացա։ Ես ամուսնացել եմ իսկապես մի հրեշի հետ։ Միայն մա՛հը կարող է ազատել նրանից իմ բնակարանս։
Եվ մահվան դատապարտեց սուլթանուհուն։ Հրամայեց իր զինակրին, որ կատարի իր հրամանը։ Բայց երբ որ տեսավ արտասուքը և անսահման կսկիծը այն կնոջ, որին սիրել էր իր սիրտը, սուլթանը շատ խղճաց և երեսը շրջելով հրամայեց փակել նրան ապարանքի հեռավոր սենյակներից մեկում, որ այնտեղ անցկացնի կյանքի մնացած օրերը։ Եվ այն օրվանից է՛լ չուզեց տեսնել նրա երեսը։ Այնուհետև խեղճ կինը, խոր տխրության ու արտասուքի մեջ ընկղմած, երկրային բոլոր դառնության ճաշակն առավ։
Իսկ քույրերը շատ ուրախացան, հագեցնելով իրանց չարությունը, և այդ օրվանից կարող էին հանգիստ սրտով ուտել իրանց ամուսինների պատրաստած քաղցրեղենները և համադամ խորտիկները։
Եվ օրերն ու տարիները անց էին կենում միատեսակ արագությամբ՝ թե՛ արդարների և թե՛ մեղավորների գլխովը, բերելով այն, ինչ որ վիճակված էր ամեն մեկին։
Եվ ահա, երբ որ կառավարչի որդեգրած երեխեքը երեքն էլ մտան պատանեկության հասակը, իրանց գեղեցկությունով սկսեցին կուրացնել բոլորի տեսությունը։
Եվ անվանում էին նրանցից մեկին Ֆարիդ, երկրորդին՝ Ֆարուզ, իսկ աղջկանը՝ Ֆարիզադա։
Ֆարիզադան էր բուն երկնքի ժպիտը։ Նրա մազերի մի կողմն արծաթի էր, մյուս կողմը՝ ոսկի։ Երբ որ նա լաց էր լինում՝ գետին ընկած արտասուքի կաթիլները դառնում էին մարգարտի հատիկներ, երբ որ ծիծաղում էր՝ նրա ծիծաղը հնչում էր ոսկի դինարների ձայնով։
Ահա՛ թե ինչու բոլոր նրան ճանաչողները, ինչպես և՝ հայրը, մայրը և եղբայրները, նրա անունը՝ «Ֆարիզադա» ասելիս, միշտ ավելացնում էին՝ «վարդաժպիտ»։
Եվ ամենքը մնացել էին զարմացած նրա գեղեցկությանը, խելքին, հեզությանը, ճարպիկությանը, ինչպես նա էր պահում իրան ձիու վրա, ուղեկցելով եղբայրներին որսի գնալիս,