Այդ ժամանակ պառավը բավական երկար մտմտալուց հետո բարձրացրեց գլուխը և պատասխանեց.
— Այո՛, իմ տիրուհիս, ես իմ բոլոր կյանքս անց եմ կացրել Ալլահի երկրների վրա շրջելով, և երբեք պատահած չէ ինձ, որ մի այսպիսի հիանալի տեղ հանգստանամ։ Բայց, ո՛վ իմ տիրուհիս, ինչպես երկրիս վրա միակ գեղեցկուհին դու ես որ կաս, և քեզ նման այլևս ոչ մեկը չկա, ինչպես արեգակն ու լուսինը միակն են երկնքումը, ես կցանկանայի, որ այս պատվական այգումը դու ունենայիր այն երեք առարկաները, որոնք նույնպես մի-մի հատիկ են աշխարհիս երեսին և չունին իրանց նմանը։ Ահա՛ թե ինչ է պակաս այս այգում և ինչ կցանկանայի, որ սա ունենար։
Վարդաժպիտ Ֆարիզադան շատ զարմացավ, որ իր այգուն երեք անհամեմատ լավ բաներ են պակաս, և ասաց պառավին.
— Ողորմա՛ծ եղիր, բարի մայր իմ, շո՛ւտ ասա ինձ, որ ես իմանամ՝ այդ ի՞նչ երեք անհամեմատ և ինձ անծանոթ բաներ են։
Պառավը պատասխանեց.
— Ո՛վ իմ տիրուհիս, քո գթառատ սրտի հյուրասիրության համար՝ ինձ նման մի թափառական պառավի, էլ ինչո՞վ կարող եմ ցույց տալ իմ շնորհակալությունս, եթե ո՛չ հայտնելով քեզ, թե՝ ի՛նչ առարկաների մասին է խոսքս։
Եվ մի փոքր լռելուց հետո պառավն սկսեց.
— Իմացած եղիր, ո՛վ իմ տիրուհիս, որ եթե իմ ասած բաներից առաջինը լիներ այս այգիներումը՝ բոլոր թռչունները կհավաքվեին այստեղ նրան տեսնելու համար, և ամեն-