Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/191

Այս էջը հաստատված է

— Անո՜ւշ, անո՜ւշ, ցանկանամ զովություն և կենդանություն…

Երբ որ ծերունին թեթևացավ ավելորդ ծանրությունից՝ մեծ բավականություն զգաց և ժպիտ երևացրեց երեսին։ Եվ հետո էլ խոսեց մանկական ձայնից է՛լ ավելի պարզ ու մաքուր ձայնով և ասաց.

— Թող օրհնություն իջնի քեզ վրա, ո՛վ իմ որդի, այն բարեգործությանդ համար, որ ցույց տվիր զառամած ծերունուս։ Ով կուզի լինիս, ո՛վ առաքինի ճամփորդ, ես պատրաստ եմ օգնելու քեզ իմ փորձովս և խորհրդովս։

Ֆարիդն շտապեց պատասխանել.

— Ես եկել եմ հեռու կողմերից՝ որոնելու Խոսող Թռչունը, Երգող Ծառը և Ոսկեցնցուղ Ջուրը։ Կարող չե՞ք ասել արդյոք՝ որտե՛ղ կարող եմ գտնել։ Կամ ի՞նչ գիտեք դուք դրանց մասին։

Այս խոսքերի վրա հուզմունքից ծերունին վայր գցեց ձեռքից համրիչը և ոչինչ չպատասխանեց։

Ֆարիդը հարցրեց.

— Իմ բարի՛ քեռիս, ինչո՞ւ չեք խոսում։ Ես շտապում եմ, ձիս քրտնած է, կարող է մրսել։

Եվ կրոնավորը խոսեց վերջապես.

— Իհա՛րկե, որդիս, ես գիտեմ, թե՝ որտե՛ղ են գտնվում քո որոնած բաները, և ճանապարհն էլ գիտեմ։ Բայց ես, որդյա՛կ իմ, քեզանից այս լավությունը տեսնելուց հետո ինչպե՞ս խորհուրդ տամ, որ գնաս և զարհուրելի վտանգների ենթարկես քեզ։ Ավելի լավ կանես, որդի՛ս, որ շտապես վերադառնալու կրկին քո երկիրդ։ Քանի՜ քանիսն են գնացել այս ճամփով՝ քեզ պես քաջ երիտասարդներ, բայց ո՛չ մեկը նրանցից չի վերադարձել։

Ֆարիդը, այդ խոսքերից չվհատվելով, ասաց.

— Իմ բարի՛ քեռիս, դու միայն ցույց տուր ինձ իմ գնալիք ուղին, մնացածի մասին մի՛ անհանգստանար։ Աստված ինձ ձեռքեր է տվել, որոնք կարող են իրանց տիրոջը պաշտպանել։

Ծերունին, ձայնը երկարացնելով, հարցրեց.

— Քո ձեռքերն ինչպե՞ս կազատեն քեզ Աներևույթից, որ ոչ մի ձեռք չի ընկնում, իսկ ինքն ունի հազար անգամ հազար ձեռքեր, որոնք գործում են առանց տեսնվելու։

Ֆարիդը, գլխովը բացասելով, պատասխանեց.

— Պատվակա՛ն հայր։ Իմ ճակատագիրն ինձ հետ է կապված. եթե ես փախչեմ նրանից՝ նա կհետևի ինձ, իմ ստվերիս պես։ Ուրեմն, ասա՛ ինձ, որովհետև այդ քեզ հայտնի է, էլ ի՞նչ կարող եմ անել ես։ Քո խորհուրդով դու ինձ մեծ լավություն կանես։

Ծերունին, տեսնելով, որ երիտասարդը ետ չի կենալու իր մտադրությունից, ձեռքը գցեց իր գոտիկից կապած մախաղը (տոպրակը) և հանեց մի գրանիտե գնդակ։ Այս գնդակը տալով Ֆարիդին՝ ասաց.

— Ահա՛ այս գնդակը կտանի քեզ քո ուզած տեղը։ Հեծի՛ր ձիդ և նետի՛ր գնդակը առջևդ։ Նա կգլորվի առաջիդ, հետևից կքշես ձիդ։ Եվ ուր որ գնդակը կանգ կառնի՝ այնտեղ դու էլ կիջնես, ձիդ կկապես գնդակից, որ կմնա անշարժ մինչև քո վերադարձը։ Իսկ դու կբարձրանաս այն սարը, որի գագաթը երևում է և այստեղից։ Սարը բարձրանալիս դու ամեն կողմում կտեսնես խոշոր սև-սև քարեր և կլսես ձայներ։ Այդ ձայները չեն լինիլ հեղեղներից, քամիներից, անդունդներից, այլ՝ կլինին աներևույթ ձայներ։ Նրանք կգոռան այնպիսի խոսքեր, որոնցից մարդու արյունը կսառչի երակներումը։ Դու

187