Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/199

Այս էջը հաստատված է

րացրեց Խոսող Թռչունը՝ այգեստանի բոլոր թռչունները մնացին ապուշ կտրած զարմանքից ու հիացմունքից, և կարծես խոսք մեկ արած՝ հավաքվեցին միասին և ամբողջ երամով եկան բարի գալուստ ասելու նորեկ հրաշալի հյուրին։ Սրանց մեջն էր և տեղացի սոխակը, որ նույնպես Բուլբուլ էր անվանվում, և մյուս թռչուններից՝ լորը, արտույտը, սարյակը, դեղձանիկը և մյուսները, որոնք քիչ թե շատ երգել գիտեին, ինչպիսիք էին և աղավնին, տատրակը, ագռավն ու կաչաղակը, մոշահավն ու ծիծեռնակը։ Սրանք բոլորն ամեն մեկն իր ձայնով, մի առանձին ներդաշնակությամբ սկսեցին ձայն պահել Հազարան Բուլբուլի բարձրաձայն երգին։ Սրանով նրանք բոլորը մի տեսակ խոնարհություն և հպատակություն էին ցույց տալիս Խոսող Թռչունին, և նա ավելի էր ոգևորվում և ցույց էր տալիս իր բոլոր շնորհքը։

Հովանոցի մոտն էր և մարմարիոնի ավազանը, որ Ֆարիզադայի համար հայելու պաշտոն էր կատարում. նա տեսնում էր իր պատկերը և վարսագեղ մազերը՝ կեսը ոսկի և կեսը արծաթի։ Այդ ավազանի մեջ կաթեցրեց Ոսկեցնցուղ Ջրից մի կաթիլ։ Ոսկե կաթիլն սկսեց քչքչալ, խոշորանալ և դառնալ մի ջրային խուրձ, որից, իբրև հազարավոր ծորակներից, վեր էին ցայտում ոսկի կաթիլները շատ բարձր և կրկին վայր թափվում ավազանի մեջ։ Ցայտող կաթիլներն այնքան պաղ էին, որ զովացնում էին տիրող անտանելի շոգն ու տոթը։

Հետո իր ձեռքով տնկեց Երգող Ծառի ոստը։ Փոքրիկ ճյուղն իսկույն արմատ բռնեց, աճեց, մեծացավ և դառավ մի հսկայական ծառ։ Եվ սկսեց ծառը նվագել այնպիսի եղանակներ, որ չէին կարող հնչել ո՛չ զեփյուռը Պարսկաստանի այգիներում, ո՛չ հնդկական վիները[1], ո՛չ սիրիական տավիղը և ո՛չ եգիպտական ջութակը։ Ծառի հազարավոր բերաններից բխող այս երկնային հնչյունները լսելու համար չորս կողմում տիրում էր խորին լռություն, մնջվում էին թռչունները, ջուրը կտրում էր իր խոխոջյունը, զեփյուռը ետ էր քաշում իր մետաքսե քնքուշ ծածկոցը, որ չդիպչի ոչ մի բանի։

Ֆարիզադան այլևս առիթ չուներ ո՛չ տխրելու և ո՛չ ձանձրանալու։ Նա սկսեց շարունակել իր սովորական տնային պարապմունքը, միշտ նստած Խոսող Թռչունի մոտ, որը նրան զբաղեցնում էր շատ իմաստալից և հետաքրքրական պատմություններով։ Նրա թողած պակասը լրացնում էին Երգող Ծառը և Ոսկեցնցուղ Ջուրը, իսկ եղբայրները ցերեկն իրանց որսորդությունով էին պարապած, գիշերները վերադառնում էին տուն, ուրախ ժամանակ անցկացնում իրանց քրոջ հետ։

Մեկ անգամ էլ, ահա, երբ Ֆարիդն ու Ֆարուզն անցնում էին մի նեղ ձորակով, որից չէր կարելի շեղվել ո՛չ աջ և ո՛չ ձախ, դեմ առ դեմ հանդիպեցին սուլթանին, որ իր մարդկանցով եկել էր նույնպես որսորդության։ Եղբայրներն իջան ձիերից և ծունկ չոքեցին թագավորի առջև, գլուխները խոնարհած մինչև գետին։ Սուլթանը շատ զարմացավ՝ տեսնելով այն անտառում նրանց այնքան ճոխ հագնված, որ կարծես իր շքախմբից լինեին։ Նա ուզեց տեսնել նրանց երեսները, հրամայեց վեր կենալ։ Եղբայրները վեր կացան և թագավորի առջև կանգնեցին, պահպանելով իրանց արժանապատվությունը և խորին հարգանքը դեպի թագավորը, որ, հափշտակված նրանց վայելչակազմ գեղեցկությունով, երկար ժամանակ զննեց նրանց ոտից մինչև գլուխ։ Հետո հարցրեց նրանց, թե՝ ովքեր են և որտեղ են կենում։ Նրա սիրտը հուզվում էր ու մի առանձին ձգողությամբ քաշվում դեպի նրանց, ինչպես դեպի իր հարազատներին։

Եղբայրները պատասխանեցին.

  1. Վին - հին լարային երաժշտական գործիք
195