Մեկ անգամ մի եզը կորցրեց. շատ ման եկավ, վերջը մի գոռոցի ձայն հասավ ականջը։ Մինչև ինքը ականջ կդներ, որ տեսներ՝ ո՛րտեղից է գալիս ձայնը, իր քաջ շները՝ Խեղդանն ու Կտրանը, ավելի շուտ իմացան տեղը և նետի պես թռան դեպի ձայնը։ Գոռոցը հասարակ բառանչ չէ, այդ ձայնը հանում են միայն գազանների ճանկ ընկած ժամանակը, և այդ գիտեն՝ ինչպես տավարներն ու մարդիկը, նույնպես և՝ շները։
Արևամանուկը ոչ մի զենք չուներ՝ բացի մի հաստագլուխ մահակից։ Մահակը ձեռին՝ վազեց շների հետևից և նրանց գտավ մի ձորակի մեջ հաչելիս։ Հեռվից նկատեց, որ մի գազան վայր էր ձգել ահագին եզանը, թանթուլները[1] դրել նրա մեջքին, իսկ գլուխը դեպի շները ծռած՝ այնպես կատաղի կերպով նայում է, որ աչքերից կրակ է թափվում։ Շները հաչում էին հեռվից, պոչները ներս քաշած, և սիրտ չէին անում գազանին մոտենալ։
Արևամանուկը՝ է՛լ չմտածելով, թե՝ ի՞նչ պետք է աներ արդյոք, սաստիկ բարկացավ շների վրա և գոռաց. «Խեղդա՛ն, խեղդի՛ր, Կտրա՛ն, կտրի՛ր», ու ինքը մի ճարպիկ ոստյունով թռավ ընկավ գազանի մեջքի վրա ու բռնեց նրա վզիցը։ Այդ տեսնելով՝ շները սիրտ առան ու հախռեցին[2] գազանին։ Գազանը բարկացավ և ցատկեց տեղիցը, բայց նրանից պոկ չեկան ո՛չ Արևամանուկը և ո՛չ շները։ Գազանն ավելի կատաղեց, երեսը շրջեց, բաց արավ ահագին ըռեխը և ուզում էր Արևամանուկի գլուխը հախռել ու փշրել, բայց նա իսկույն ձեռքը ձգեց գազանի բերանը ու լեզվի տակիցը այնպես պինդ բռնեց քաշեց, որ գազանի թանթուլները թուլացան, և նա սկսեց խռխռացնել։ Գազանը որ խեղճացավ, թուլացավ՝ Արևամանուկը նրան իր տակն առավ, աջ ոտքը նույնպես կոխեց գազանի բերանը և երկու ձեռքով քաշեց նրա լեզվիցը։ Այդ միջոցին Խեղդանը հախռեց գազանի բկիցը, Կտրանն էլ՝ փորատակերից։ Այսպես միացած ուժով գազանին անշնչացրին, սատկացրին։
Քափ ու քրտինքի մեջ կորած՝ ետ քաշվեցավ Արևամանուկը, և նոր տեսավ, թե՝ ի՛նչ վիշապ էր իր սպանածը։ Վագր էր, մի ահագին ու քավթառ վագր, որ բոլոր շրջակայքի վրա իշխում էր։ Նրա երկյուղից ոչ ոք չէր համարձակվում տավար կամ ոչխար տանել այն տեղերը, ուր որ տարել էր Արևամանուկը։ Ամբողջ գյուղերով աշխատում էին նրան սպանել, բայց չէին կարողանում։
Եզը վաղուց արդեն շունչը փչել էր։ Անիրավ գազանը մի հատ հարվածով կոտրել էր նրա մեջքի սեռը և մի ծվեն կաշի էր հանել։
Արևամանուկը մաշկեց գազանը ու, մորթին քարշ տալով, գնաց տուն։ Նրա այս քաջագործության համբավը շուտով տարածվեց ամեն տեղ։ Տասնհինգ տարեկան հասակում վագր խեղդելը հեշտ բան չէ։ Բայց ով որ իմանում էր, թե այդ քաջությունը Արևամանուկն է արել, չէր զարմանում, ասում էին՝ նա կարող է առյուծի բերան էլ ճղել մեն-մենակ, առանց շների օգնության։
Արմավանցիք սովորություն ունեին, որ երբ մեկը մի քաջություն էր անում՝ նրա վրա գովասանական երգ էին շինում ու երգում ամեն տոնի օր։ Երգում էին տղերքն ու աղջկերքը՝ ձեռք ձեռքից բռնած, խմբով ու պարելով։ Այս անցքից հետո Արևամանուկի վրա էլ շինեցին մի գովասանական երգ, որ ասում էին տղերքն ու աղջկերքը փոխ առ փոխ։ Ահա՛ այդ երգը.
|