Բայց երբ որ քրտինքը ցամաքեց՝ բոլոր մարմինն սկսեց սարսռել։ Ցավը մի տեղ չէր, երկու տեղ չէր, որ ասեր՝ այս ինչ կամ այն ինչ տեղս է ցավում։ Այդ որ տեսան՝ է՛լ ժամանակ չկորցրին, իսկույն մի քանի այծ մորթեցին և նրանց տաք-տաք մորթիովը փաթաթեցին Արևամանուկին։ Հավաքվեցան դեղ ու դուղ իմացող պառավներն էլ, և զանազան հոտավետ ծաղիկներ եփ տվին ու ջուրը խմացրին Արևամանուկին։ Նրանք շատ լավ էին իմանում կտրածի, ջարդածի, կոտրածի դեղերը, և հենց միայն այդ էր հարկավոր, որ գիտենային, որովհետև ուրիշ ցավ չէր պատահում։
Արևամանուկը ուղորդ[1] հիվանդացավ, պառկեց տեղումը ու էլ շուտ չի վեր կացավ։ Նա կարծես շատ էր ուրախացել, որ հիվանդացել է, որովհետև նրան այնպես ծառայում, պատիվ էին տալիս, որ առողջ ժամանակը տեսած չէր։ Նրան այնպես էին պահում, պահպանում, որ ցավի սաստկությունը բնավ չէր զգում։ Արթուն ժամանակը պառավներն էին իրանց հին զրույցներովն ու հեքիաթներովը նրա ուշք ու միտքը գրավում, իսկ քնած ժամանակն էլ՝ քաղցր երազները։ Մայրը հո՝ մի րոպե մոտիցը չէր հեռանում և ինչ ազիզ կերակուրներ ասես, որ չէր եփում, ուտեցնում։
«Այս ի՜նչ լավ բան է եղել հիվանդ լինելը,– ասում էր Արևամանուկն ինքն իրան։– Առողջ ժամանակս ինչ որ ուզում էի՝ չէին տալիս, հիմա այնպես բաներ են ուտեցնում, որ կյանքիս մեջ առաջին անգամն եմ համը տեսնում։ Եվ ի՜նչ լավ հեքիաթներ են ասում։ Առաջ այնքան աղաչում էի՝ ոչինչ չէին ասում»։
Ճշմարիտ որ շատ լավ զրույցներ էին պատմում։ Այդ զրույցները այնպիսի բովանդակություն էին ունենում, որ նրանով համարյա թե լրանում էր Արևամանուկի կրթության պակասը։ Այդ զրույցներից նա ավելի փորձառություն էր ստանում և ինքն իրան ասում էր.
- ↑ Ուղորդ - իսկապես