Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/215

Այս էջը հաստատված է


«Ինչքա՜ն հիմարություն է՝ չիմանալ, թե մեզանից առաջ ապրող մարդիկը ինչպե՛ս են եղել ապրելիս, ինչի՛ց են վնասվել և ինչի՛ց՝ օգուտ քաղել։ Եթե այդ չիմանանք՝ էլ ինչպե՞ս կարող ենք խելոք կերպով ապրել աշխարհքիս երեսին։ Օրինակ՝ ի՜նչ հիմարություն էր իմ արածը, առանց զենքի՝ ուղղակի ընկնել վագրի գիրկը, այդպես միայն խելագարը կանե։ Ա՜խ, ինչքա՜ն հիմար եմ եղել, ես այդ նոր եմ հասկանում»։

Այսպես ահա ամեն մի զրույցից հետո՝ մեր Արևամանուկը մի նոր մտածմունքի մեջ էր ընկնում և նոր խելքի գալիս։ Պետք է ասել, որ այդ այն զրույցների լավությունիցն էր, որ նրան պատմում էին։

2

Մեկ անգամ, երբ որ Արևամանուկն արդեն լավանալու վրա էր, նրան դուրս բերին տանիցը և տարան մի մեծ ծառի շվաքում պառկեցրին, որ ավելի մաքուր ու զով օդ շնչե։ Մի հասարակ կապերտ փռեցին, վրան մի բարձ դրին. Արևամանուկը կռնեց նրա վրա, իսկ պառավները նստոտեցին նրա բոլորիշուրջ՝ կանաչ խոտի վրա։ Մայրը, որդու գլխավերևը նստած, շփում էր նրա գլուխը, շտկում, մաքրում էր նրա ոսկեթել մազերը, իսկ պառավները պատասխան էին տալիս Արևամանուկի ամեն մի առաջարկած հարցմունքին՝ երկար զրույցով։

– Ա՜խ, ինչպե՜ս ուրախ եմ, որ էլի տեսնում եմ Մասիսի երեսը,– ասաց Արևամանուկը և հարցրեց պառավներից մեկին .– Նաննե՛, ինչի՞ցն է, որ Մասիսի գլխի ձյունը չի հալվում։

– Նրա համար չի հալվում, հոգի՛ս, որ մեծ նավը չբացվի և արևից ու անձրևից չփչանա։

– Այդ ի՞նչ նավ է, նանե՛, ես չեմ հասկանում։

– Դրա պատմությունը երկար է, հոգի՛ս, կարճն այս է, որ մի ժամանակ արարած աշխարհքս ջրով ծածկվել է. միայն մեկ մարդ է ազատվել իրա որդկերանց, իրա կնոջ ու հարսների հետ, և ազատվել է այսպես։ Մի մեծ, խիստ մեծ նավ է շինել, երբ որ ջրերը բարձրացել են՝ նավն էլ հետն է բարձրացել, մինչև հասել է Մասիսի գլուխը, նրա վրա նստել։ Այնտեղ այնքան մնացել են, մինչև ջրերը ետ են քաշվել։ Հետո դուրս են եկել նավիցը, վայր են իջել սարիցը և տեսել, որ ի՜նչ, էլ երկրիս երեսին ո՛չ մի մարդ է մնացել, ո՛չ անասուն, ամենքին էլ ջուրը խեղդել, քշել, տարել է։ Այնքան լավ է եղել, որ նա իր հետ վերցրած է եղել ամեն տեսակ օգտակար անասուններ։ Դրանք սկսում են նոր մեկանց շատանալ, և էլի լցվում է երկիրը թե՛ մարդկերանցով և թե՛ անասուններով։ Ահա այդ ժամանակ, երբ որ սարիցն իջել են, իսկույն ձյուն է եկել և ծածկել մեծ նավը։

– Այն մարդի անունն ի՞նչ է եղել, նանե՛։

– Նրա անո՞ւնը… սպասի՛ր… Նավ, Նով, Նո… ինչ որ է, այսպես մի բան է. լավ չէ միտս։

– Դե որ այդպես է, արի ասենք՝ շենքն ու շինողը իրար անվանակից են։ Ինչ էլ լինի անունը, այդ ոչինչ, երևում է միայն, որ այդ մարդը ամենից խելոքն է եղել, որ կարողացել է իր գլուխն ազատել։

– Մենակ խելոքությունը բավական չէ, հոգի՛ս, պետք է արդար էլ լինի եղած, որ Աստված միայն նրան է ազատել։ Եվ ճշմարիտն էլ այս է։ Ասում են, որ այդ ժամանակ մարդիկը շատ անիրավացել են, շատ մեղավոր են եղել, միայն Նովն է եղել արդարը։ Ասում են, որ նավը նա ինքը չի շինել, այլ՝ ուրիշին է շինել տվել։ Նավը շինողը շատ խելոք, շատ իմաստուն ու ճարտար մարդ է եղել, բայց ի՞նչ կանես, որ արդար չի եղել։ Նա իր համար

211