Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/218

Այս էջը հաստատված է


Գնում են, գնում, շատ ու քիչն Աստված գիտե, մինչև նրանց առջև երկարումեկ ձգվում է մի մեծ, շատ մեծ դաշտ։ Էլ ո՛չ մի սար, ո՛չ մի բլուր, ո՛չ մի քար, այլ՝ հարթ, հավասար դաշտ, բայց ի՞նչ դաշտ. Աստծու ամենայն բարությունովը լիքը։ Այն ժամանակվա մարդիկն էլ հենց այդպիսի մի տեղ էին փնտրում, որ ո՛չ վարեն, ո՛չ ցանեն, ո՛չ մրսեն, բայց ամեն ինչ ուտեն։

Այս նոր երկրի համբավը տարածվում է ամեն տեղ։ Ամեն տեղից մարդիկ են գնում, որ տեսնեն՝ ճշմարիտ այնպե՞ս է, ինչպես որ պատմում են. և երբ որ ստուգում են՝ գալիս են իրանց տունը-տեղը քոչացնում, չվում նոր երկիրը։

Այդ ժամանակները մեր պապ Հայկը այստեղ է լինում կենալիս։ Նա տեղիցը չի շարժվում, բայց գնացող-եկողները այնպես բաներ են պատմում, որ նա էլ է ցանկանում գնալ։ Ասում են. «Այնպիսի երկիր է, որ լեզվով պատմել չի լինիլ։ Ամենայն տարի Եփրատն ու Տիգրիսը այնպես հորդանում, վարարում են, որ ափերիցը դուրս են գալիս և ջրում ամբողջ դաշտը։ Երբ որ ետ են քաշվում՝ սերմը գցում են նրանց թողած ցեխի վրա. էլ ո՛չ հերկել, ո՛չ ցաքանել, բայց արտ է դառնում, որ զարմանալի։ Ցողուններն այնքան բարձրանում են, որ ուղտը միջին չի երևում, տերևները թաթի պես լայն-լայն, հասկերը կռան[1] չափ հաստ, երկու թզաչափ երկայն, մեջներին մինչև հարյուր, երկու հարյուր, երեք հարյուր հատիկ։ Մեկ չափ ցանողը երեք հարյուր չափ է վերցնում։ Ցանելու տեղն էլ այնքան շատ է, որ ինչքան կուզես՝ ցանիր։ Ուրիշ էլ ինչ պտղեղենով, ինչ արմտիքով ասես՝ լիքն է։ Հաղողի ճութերը այնքան մեծ-մեծ են, որ հեռվից նայողը կարծում է, թե՝ սև-սև գոմեշներ են նստոտած վազան[2] տակերին. ծիրանը մեր դեղձիցը խոշոր, նուռը մեր ձմերուկի չափ, բայց էլի այնպես պտուղներ կան, որոնցից մեր երկրումը չըկան»։

Ահա այս ամենը որ լսում է մեր պապ Հայկը՝ ինքն էլ է ուզում գնալ։ Հավաքում է իր որդկերանցը և եղբայրներին, հայտնում է նրանց իր միտքը։ Եղբայրները չեն հոժարում, ասում են՝ ինչո՞ւ թողնենք մեր երկիրը, մեր հողը, մեր ջուրը, մեր ծաղկապատ լեռները, մեր անմահական աղբյուրները, վերջապես՝ մեր հորն ու մոր, մեր նախնյաց սուրբ գերեզմանները։

Հայկն ասում է. «Այդ շատ լավ եք ասում։ Դուք մնացեք այստեղ, այստեղ ապրեցեք, մեր երկիրը պահպանեցեք, իսկ ինձ թույլ տվեք գնամ, տեսնեմ՝ այդ մարդիկն ո՞ւր են այդպես հեղեղի պես թափված գնում, կամ ի՞նչ են շինում այնտեղ։ Ես մեր երկրիցը ձեռք չեմ վերցնիլ, նրա սահմանիցը շատ չեմ հեռանալ։ Այնտեղ, ինչպես պատմում են, մի ուրիշ լավ բան չկա՝ բացի հացի առատությունից»։

Այստեղ պառավ տատն սկսում է հացի նշանակությունը հասկացնել Արևամանուկին։

– Հացը մի այնպիսի բան է, Արմի՛կ ջան,– ասում է պառավը,– որ ինչ տարի նա չի լինում՝ բոլոր ուտելիքներն էլ նրա հետ պակասում են, և երբ որ հացն առատ է լինում՝ մյուս բոլոր բաներն էլ առատ են լինում։ Օրինակի համար, երբ որ հաց չի լինում՝ եղ էլ չի լինում։ Հիմա կասես՝ ինչո՞ւ։ Նրա համար, որ՝ արտ չեղած տարին խոտն էլ է պակաս լինում։ Իսկ կովը որ խոտ չուտի, լավ չարածի՝ որտեղի՞ց կաթ կտա, որ նրանից էլ մածուն, մածնից էլ եղ շինեն։ Խոտ չկա՝ մեղր էլ չկա. ինչո՞ւ, նրա համար, որ՝ խոտ որ չլինի, ծաղիկ էլ չի լինի, իսկ ծաղիկ որ չլինի, էլ մեղուն ինչի՞ց կշինե մեղր։ Շաղիկ չկա՝ պտուղ էլ չի լինի։ Կուտ չկա՝ ձու էլ չի լինիլ։

Երևում է, որ մեր պապը մի քանի անգամ սով տեսած է լինում։ Սկսում է պատմել, թե՝ սովն ինչի՛ց է հառաջ գալիս։ Թե՝ երբ որ մի տարի, երկու տարի երկինքը կապվում է, գետինքն էլ չորանում է, էլ ոչինչ չի տալիս, էլ խոտ չի բսնում, ծառը չի ծաղկում, աղբյուրը

  1. Կռան - դարբնի միջին մեծության մուրճ
  2. Վազան ճյուղ - խաղողի վազի ճյուղ
214