Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնըութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնըհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։
― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։
― Ինչի՞ համար եք եկել և գնում։
― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի[1] վրա։
Քահանան տեղը կանգնում է և ասում.
― Ես էլ հենց դրա համար եմ եկել։
Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։
Կանչում են գործակատարին։
Գալիս է գործակատարը։
Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։
Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։
Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։
Դահիճները տանում են կախելու։
Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։
― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։
Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։
― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։
Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։
Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։
Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։
Դահիճները տանում են վաճառականին կախելու։
Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։
Տղան ձայն չի հանում։
Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։
- ↑ Հոգոց - հոգեհանգստյան արարողություն