Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/224

Այս էջը հաստատված է
* * *

«Այո՛, մի ժամանակ երկինքը շատ մոտիկ էր երկրից,– շարունակեց տատիկը։– Երկնքից լսվում էր Աստուծո ձայնը։ Նա այնտեղից խոսում էր մարդոց հետ և հայտնում էր նրանց իր կամքն ու հրամանը, պատվերներ էր տալիս և հասկացնում էր, թե՝ ի՛նչ պետք է անեն և ի՛նչ չպետք է անեն։

Ուղիղ կես գիշերին լսվում էին հրեշտակների քաղցր մեղեդիքը։ Աքաղաղներն ամենից առաջ էին լսում նրանց ձայնը և իրանց միաձայն կանչյունով զարթեցնում էին մարդկերանցը, որ վեր կենան և հրեշտակների հետ միասին փառաբանեն Աստուծո հազար ու մեկ անունը…

Աքաղաղները հիմա էլ են լսում հրեշտակների ձայնը,— ավելացնում էր տատիկը և խոր հոգոց քաշում մի այնպիսի ձևով, որ կարծես ինքն ապրած լիներ այն հին ժամանակումը, իր ականջովը լսած լիներ Աստուծո ձայնը և հրեշտակների մեղեդիքը, և այժմ՝ զրկված այն երջանկությունից»։

* * *

Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։

«Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մտնելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Գյուլնազ տատը մի երկար հեքիաթ էր պատմում, որի մեջ Մութ կամ Ներքի աշխարհի մասին մի այսպիսի կտոր կար.

– Անտես-Աննմանին դևը փախցրեց։ Թագավորազն Գուրգենը, որ Աննմանի փեսացուն էր, վեր առավ իր երկու եղբայրներին և դևի հետքովը գնաց և գտավ նրան մի հորի մեջ։ Դևը մրափած էր։ Այդ երևում էր նրանից, որ հորի բերանից ծուխ ու բոց էր բխում։ Այդ դևի արտաշնչությունն էր։ Մեծ եղբորը կախեցին հորի մեջ, որ երթա ազատե Աննմանին, նա չկարողացավ կրակին դիմանալ և աղաղակեց. «Վա՜յ, այրվեցա, այրվեցա՜»… Նրան դուրս քաշեցին և միջնակին կախեցին, նա էլ աղաղակեց. «Վա՜յ, այրվեցա՜»։ Նրան էլ դուրս հանեցին։ Հետո Գուրգենն ասաց. «Հիմա ի՛նձ կախեցեք, և ինչքան էլ աղաղակելու լինիմ, թե՝ այրվեցա, վեր չհանեք»։ Եվ ճշմարիտ՝ Գուրգենը գնաց մինչև հորի հատակը, առանց ձայն հանելու։ Այնտեղ նա գտավ Անտես-Աննմանին։ Նրա ծնկան վրա էր դրել հրեշ դևն իր գլուխը և քառասուն օրով մրափել։ Այնտեղ կախած էր և դևի թուրը։ Միայն այն թրովը կարելի էր կտրել նրա գլուխը և այն էլ՝ մեկ զարկով միայն, եթե երկրորդ անգամ զարկեին՝ նա կրկին կկենդանանար։

220