Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/225

Այս էջը հաստատված է


Աննմանը ծունկը դուրս քաշեց թե չէ՝ դևը զարթեցավ և իսկույն ոտքի կանգնեց, բայց և միևնույն ժամանակ թուրը պսպղաց, և դևի գլուխն ընկավ գետին։ «Մեկ է՛լ զարկիր, մեկ է՛լ, մեկ է՛լ»…– ղլղլացրեց գլուխը, բայց Գուրգենը չզարկեց և ասաց. «Ես մեկ անգամ եմ ծնվել իմ մորից և ոչ թե երկու անգամ»։

Հրեշ դևին սպանելուց հետո Գուրգենն ու Աննմանը պտտեցին դևի ստորերկրյա ընդարձակ բնակարանը, և ինչ որ գանձ ու հարստություն ուներ՝ բոլորն Էլ ժողովեցին և վեր բարձրացնել տվին։ Երբ որ մնացին միայն իրանք՝ սկսեցին երկար վիճել, թե՝ ո՛վ իրանցից առաջ բարձրանա։ Աղջիկը տեսավ, որ Գուրգենը համառությամբ չի ուզում ինքն առաջ բարձրանալ, ասաց նրան. «Ես շատ կասկածում եմ, թե՝ միգուցե քո եղբայրներդ քեզ վեր չհանեն, և դու մնաս հորի մեջ։ Եթե իմ նախազգացմունքս կատարվելու լինի՝ դու կերթաս դևի գոմը, այնտեղ քո առաջդ կգան մի սև այծ և մի սպիտակ ոչխար, եթե կարողանաս ոչխարի վրա նստել՝ նա քեզ վեր կհանե Լույս աշխարհք, իսկ եթե չկարողանաս, և այծն ընկնի տակդ՝ նա քեզ կտանե Մութ աշխարհք, որտեղից դու այլևս Լույս աշխարհք ընկնիլ չես կարող»։ Այս ասելուց հետո Աննմանը վեր բարձրացավ, իսկ Գուրգենին նրա անիրավ և անգութ եղբայրները թողեցին հորի մեջ…

Գուրգենը շատ աղաչեց, պաղատեց և տեսավ, որ իր եղբայրների սիրտը քարացել է, ճարը կտրած՝ գնաց դեպի դևի գոմը, որ փորձե իր բախտը՝ նստե ոչխարի վրա։ Բայց անիրավ այծը այնքան ճարպիկ էր, որ ոչխարին պոզահարելով մի կողմ ձգեց, և ինքն ընկավ Գուրգենի տակը և տարավ ձգեց Մութ աշխարհքը։

Այդ աշխարհն էլ մեր աշխարհի նման քաղաքներ և գյուղեր ուներ, և մինչև անգամ գիշեր ու ցերեկ կար, թեև ասվում էր՝ Մութ։ Նա մի քաղաքում իջևանեցավ մի պառավի տան և նրանից իմացավ, որ քաղաքացիք ջրի պակասության համար շատ նեղության մեջ են։ «Ամբողջ քաղաքում մի աղբյուր կա միայն, բայց նրանում էլ բույն է դրել մի ահագին վիշապ, և ամենայն օր մեկ աղջիկ են տանում գցում նրա երախը, որ ապա թույլ է տալիս ջուր վերցնելու։ Էգուց էլ հերթը մեր թագավորի միամոր աղջկանն է, նրա՛ն պիտի տանեն ահռելի գազանի բերանը ձգեն»,– ասաց պառավը և սկսեց լալ։

Գուրգենը շատ ծարաված էր, այս որ լսեց՝ նրա ծարավն ավելի ևս սաստկացավ։ Մյուս առավոտ, դեռ լույսը չբացված՝ վեր կացավ նա և պառավին էլ զարթեցրեց, որ տանե աղբյուրի տեղը ցույց տա իրան։ Պառավը տարավ նրան և հեռվից ցույց տվավ աղբյուրը։ Գուրգենը՝ դևի թուրը ձեռին, մոտեցավ և տեսավ մի լիճ, որի մեջ մեկնվել էր վիշապը՝ մի ահագին լեռնակղզու պես։ Ամբողջ լիճը ժահահոտությամբ[1] և ապականությամբ թունավորված էր։ Վիշապի գլուխը գտնվում էր աղբյուրի ակնումը, որ բխում էր մի լայնաբերան քարայրից։ Նա անշարժ էր, կարծես թմրած լիներ կամ մրափած։

Վիշապի գլխավերևը նոր արդեն մի ծառից կապել էին թագավորի աղջկանը, որին պիտի կուլ տար վիշապը մի քանի րոպեից հետո։ Աղջիկն արդեն մեռելի գույն էր ստացել։ Գուրգենը մոտեցավ նրան, կապերը արձակեց և սիրտ տվավ, որ չվախենա։ Թուրը ձեռին մոտեցավ վիշապին և այնպիսի մի հարված տվավ նրա վզին, որ վիշապը երկու ահագին կտոր դարձավ, իսկ լիճը՝ արյան ծով։ Թագավորի աղջիկը ձեռքը թաթախեց արյան մեջ և, Գուրգենի մեջքին նշան դնելով, ինքը վազեց տուն, որ թագավորին հայտնե եղելությունը։ Հավաքվեցան բոլոր քաղաքացիք և քառասուն ջուխտ գոմշով հազիվ կարողացան ամեհի գազանի լեշը դուրս քարշել այնտեղից և մաքրել աղբյուրը։

  1. Ժահահոտություն - գարշահոտություն
221