Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/234

Այս էջը հաստատված է

ասում էր. «Եթե ես թագավոր չլինեի՝ ամենայն ուրախությամբ Քյորօղլու քաջերից մեկը կդառնայի, նրա պես ազատ կյանք կվարեի»։ Այս պատճառով նա ահագին զորքով (մոտ երեսուն հազար հոգուց բաղկացած) ուղարկեց իր ամենից փորձառու զորապետին՝ Բոլի-բեգ անունով, և պատվիրեց նրան, որ Քյորօղլուն կալանավորե՝ պաշարելով այն բերդը, ուր որ նա կլինի։ Սպանելու հրաման չտվավ, ընդհակառակն՝ ասաց, որ եթե Քյորօղլուն սպանես՝ քեզ կախաղան կբարձրացնեմ. եթե քաջ ես՝ նրան պետք է բերես ինձ մոտ ողջ-առողջ։

Իրանի թագավորը չէր ուզում զրկվել Քյորօղլու պես մի անվանի հերոսից, և ուզում էր նրան իր մոտ տանել և նրանով հաղթել իր արտաքին թշնամիներին։ Բոլի-բեգը նախ պիտի աշխատեր զանազան խոստումներով Քյորօղլուն հրավիրել շահի մոտ, իսկ եթե այդ չհաջողեր՝ միայն այն ժամանակ պիտի գործ դներ իր ահագին բանակի ուժը։

Քյորօղլին այդ ժամանակ գտնվում էր մեր երկրումը, որ Իրանի իշխանության տակն էր։ Երբ էր այդ ժամանակը՝ հայտնի չէ, և ոչ էլ տեղն է հայտնի որոշակի։

Թագավորի մտադրությունը Քյորօղլու մասին թեպետ անկեղծ էր՝ նա, անշուշտ, մեծ պատվի կհասցներ Քյորօղլուն, բայց Քյորօղլին ավելի լավ էր համարում Հայաստանի հովասուն լեռներում ազատ ավազակ համարվիլ, քան թե շահնշահի եռապարիսպ պալատում նույնիսկ շահ լինել, ուր մնաց, որ ինչքան էլ մեծ իշխան լիներ՝ դարձյալ շահի ստրուկը պիտի համարվեր։ Լինել հպատակ, թեև հազար ու մեկ շքանշանով զարդարված՝ ատելի էր բնության ազատ զավակին։

Քյորօղլին սովորություն ուներ շատ անգամ ծպտած ման գալու։ Նստում էր մի էշի կամ ջորու վրա, աշըղի հագուստով (աշըղները ջոկ հագուստ ունեին հնումը), սազը մեջքից կախած, առանց որևէ զենքի և, գյուղեգյուղ թափառելով, զանազան տեղեկություններ էր հավաքում, և ըստ այնմ իր զգուշությունը գործ դնում և անելիքն անում։ Մեկ անգամ էլ հենց այսպես ծպտած ժամանակ լսում է, որ Բոլի-բեգը եկել է մեծ զորքով և բանակ է դրել Թոնա գետի մոտ։ Եկել է ոչ իբրև զորքով պատերազմ, այլ՝ իբրև մի ցեղապետ իր ժողովրդով ամարանոց, իր հետ բերել է և իր կանանցը։ Բոլոր հարյուրապետները ևս բերել են իրանց գերդաստանը, որով կազմել են մի թաթարական օրդու։ Իրանց հետ ունին նաև ոչխար, տավար, ուղտեր և ամենայն ինչ։ Իհարկե, այս ավելորդ բաներն այնքան շատ չէին, որ իսկույն չիմացվեր, թե՝ սա մի խաշնարած ժողովրդի չվումն չէ մի տեղից մյուս տեղ, այլ՝ պատերազմական նպատակ ունեցող մի բանակ է։

Քյորօղլին, առանց երկար մտածելու, իր ջորին քշում է ուղիղ դեպի այդ բանակը, որ կշռե նրա որպիսությունը։ Հենց որ նրան տեսնում են, իբրև աշըղի, ամեն մեկն իր կողմն է քաշում և հրավիրում, բայց Քյորօղլին ոչ մեկին չի լսում, քշում է ջորին և իջնում է զորապետի վրանի առջև։ Բոլի-բեգը շատ ուրախանում է և հրամայում է նրան՝ ցույց տալ իր շնորհքը, զվարճացնել իր խաղերով, և եթե գիտե՝ Քյորօղլու խաղերիցն ասե։ Այս առաջարկությունից օգուտ քաղելով՝ Քյորօղլին ասում է հետևյալ խաղը, մեղմացնելով իր ահեղ ձայնը, որ չճանաչվի.

Ո՞վ կաք այս բանակում իմ ծանոթներից,
Շուտով իմ քաջերին մի լուր հասցըրեք.
Թող հարձակվեն ամեն կողմից խմբերով
Ինձ էլ մեկ վահան ու մի թուր հասցըրեք.

230