Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/236

Այս էջը հաստատված է

Եթե թուրը ձեռին Քյորօղլուն տեսնես՝
Հավատա ինձ, Բոլի՛, դու կըսարսափես,
Թեպետ սազ էլ ունի, երգում է ինձ պես,
Բայց ես մի խեղճ հայ եմ և ոչ Քյորօղլին.
Հայ եմ, հա՜յ, հարա՜յ,
Հայ եմ, ուղիղ հայ։

― Սպասի՛ր, աշըղ,– ասում է Բոլին,– այդ իմ հարցի պատասխանը չէր։ Ես իսկական Բոլի-բեգն եմ և ո՛չ Ալին կամ Վելին, և հիմա ուղղակի հարցնում եմ քեզ. ինչո՞վ ես ապացուցանում, որ դու Քյորօղլին չես։

– Խա՛ն, ես այդպես չհասկացա,– պատասխանեց Քյորօղլին,– ես հենց իմացա, թե դու Բոլի-բեգի հարցումը տվիր, ես էլ՝ Քյորօղլու պատասխանն ասացի։ Եթե ինձ վրա կասկած ունիս, որ մտքովս անցնել չէր կարող, ուրեմն՝ լսի՛ր իմ պատասխանը։

Քյորօղլին ուզում էր միայն զբաղեցնել Բոլի-բեգին, մինչև կհասնեն իր քաջերը, բայց և այնպես՝ նա այլևս չի ուզում իրան նվաստացնել և հայտնում է, թեև մութ կերպով, որ ի՛նքն է Քյորօղլին և ունի հայկական ծագումն.

Ես մի Ջալալի եմ, անունս է Ռուշան,
Հորս անունն է Խոր[1], մորըս Խորիշան.
Արհեստով աշըղ եմ, ինչպես տեսնում եք,
Որ ես Քյորօղլին չեմ ահա՛ ձեզ նշան։
Կանչում եմ նշան նշան,
Պատմում եմ նշան նշան,
Մարդն ունի մարդու պատկեր,
Շունն էլ ունի շան նշան։
Եթե իրավ ես լինեի Քյորօղլին,
Իմըս լիներ նրա թուրը, նրա ձին
Այն ժամանակ կըտեսնեիր, Բոլի-բեգ,
Որ Քյորօղլուց պակաս քաջ չէ Խորօղլին։
Չեմ թաքցնում խոր եմ խոր,
Իմ թշնամուն խորեմ խոր,
Աղբյուրի պես բարակ եմ,
Ծովի նման խո՛ր եմ, խո՛ր։
Քյորօղլին է իմ սիրելին, իմ խանը,
Ես նրա երգիչն եմ, նա՝ իմ պաշտպանը,

  1. Ավանդություն կա, որ Ռուշանի հայրը քյոր չի եղել, որ կնշանակե կույր, այլ՝ Խոր կամ Խոռ, որ մի հայ է եղել Խորխոռունյաց ցեղից, բայց ավազակ դառնալով՝ խառնվել է Ջալալի ասված քրդական ցեղի հետ և համարվել քուրդ կամ թուրքմեն։ Այդ ժամանակ ահա նրա Խոռ անունը աղավաղվել, դառել է քյոր, և հետո էլ կարծվել է, թե՝ նա կույր է եղել…
232