Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/238

Այս էջը հաստատված է

– Աշը՛ղ, իրավ որ դու քուրդ ես ու քրդավարի էլ խաբում ես ինձ։ Եթե դու Քյորօղլին չես, այլ՝ Խորօղլին, այդ ինձ համար միևնույն է, երկուսդ էլ վտանգավոր եք։ Ես Խորօղլուն կբռնեմ, թող Քյորօղլին գա նրան ազատե։

Այս ասելուց հետո Քյորօղլու ոտները կապել է տալիս, ուզում է կապել տալ և կռները, բայց Քյորօղլին խնդրում է, որ կռներն ազատ թողնեն ու սազը ձեռքիցը չառնեն, ասելով.

– Խա՛ն, այս շատ մեծ պատիվ է, որ ինձ տալիս եք. ասած է՝ «Մեկ օրվա խանությունն էլ է խանություն», դուք մեկ օրով ինձ Քյորօղլի եք շինում, թույլ տվեք, ուրեմն, Քյորօղլու խաղերիցն ասեմ ձեզ համար, մինչև կբռնեք իսկական Քյորօղլուն և խեղճ աշըղին կազատեք։

Եվ Քյորօղլին սկսեց բուն Քյորօղլու ահեղ ձայնով հետևյալ խաղը.

Բոլի՛, նամազդ արա, մեղքերդ քավի,
Հրես որտեղ որ է՝ քաջերս կըգան.
Դագաղըդ շինել տուր, պատանըդ կարի,
Հրես հոգիդ առնող դևերըս կըգան.
Եկե՛ք, քաջեր, եկե՜ք.
Էլ մի՛ ուշանաք։
Մեկ կա՝ հազար արժե, հազար կա՝ ոչ մին,
Ամբողջ բանակովդ չարժես իմ մեկին.
Գերանդիով, թոփուզներով[1] ահագին,
Հրես կացնով ջարդող գիժերըս կըգան.
Եկե՛ք, քաջեր, եկե՜ք.
Էլ մի՛ ուշանաք։
Քյորօղլուս աթոռն է անառիկ Սասուն,
Հսկաներիս թիվն է մինչև քառասուն.
Լացե՛ք գլուխներըդ, ո՛վ դուք անասուն,
Հրես ձեզ պատառող վագրերըս կըգան.
Եկեք, քաջեր, եկե՜ք.
Էլ մի՛ ուշանաք։

Քյորօղլու ահեղ ձայնից ոչ միայն մարդիկ սարսափեցին, այլև բոլոր անասունները որոնք կարծեցին, թե՝ առյուծ է մռնչում։ Սաստիկ վախեցավ և ինքը՝ Բոլի-բեգը, բայց ինքն իրան անհոգ ձևացրեց՝ չուզենալով հավատալ, թե՝ նա ի՛նքն է Քյորօղլին։ Այս միջոցին Քյորօղլու աչքը պատահմամբ ընկավ դեպի վարագույրը (որի հետևը ծածկված էին Բոլի-բեգի կանայքը և ծակուծուկերից նայում էին Քյորօղլուն ու հիանում) և, մեկի սիրունիկ աչքերը տեսնելով, մոռացավ իր քաջերին և սկսեց իր երգը դեպի նույն գեղեցկուհին դարձնել.

Ամպերում թաքնված, իմ սիրո՛ւն արև,
Մեկ՝ փայլում ես, մեկ էլ՝ ծածկվում խավարում.
Վանդակի մեջ դրված սոխակի նման,
Մեկ՝ երգում ես, մեկ էլ լռում ու տխրում.

  1. Թոփուզ - գուրզ, մահակ
234