Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/239

Այս էջը հաստատված է

Ինչո՞ւ, հոգի՛ս, ինչո՞ւ,
Ինչո՞ւ ես տխրում։
Արևազուրկ ծաղիկ, անջուր, թալկահար,
Վարդ, դու կուզես քեզ մի բյուլբյուլ սիրահար.
Ագռավ մարդըդ քեզ անում է կտցահար,
Գիտե, որ դու իրան սրտով չես սիրում.
Ինչո՞ւ, հոգի՛ս, ինչո՞ւ,
Ինչո՞ւ չես սիրում։
Քյորօղլուս պես մի քաջի ես դու արժան,
Որ դրախտ դարձնեմ այդ կյանքըդ դաժան,
Դու կըլինես իմ սիրուհիս անբաժան,
Այժմեն իսկ իմ հոգին քե՛զ եմ նըվիրում.
Հավատա՛ ինձ, հոգի՜ս,
Քե՛զ եմ նըվիրում։

– Լռի՛ր, հանդուգն,– բղավեց Բոլի-բեգը խանդոտությունից կատաղած և հրամայեց կապոտել Քյորօղլու կռները։ Քյորօղլին ոչ մի ընդդիմություն ցույց չտվավ։ Նա այդ բոլորը մի կատակ էր համարում, իսկ նրանց թոկերը՝ իր համար մի սարդի ոստայն։

Քյորօղլու ձեռք ու ոտքը կապռտելուց հետո մի թոկ էլ վզիցը կապեցին և Բոլի-բեգի հրամանով տարան Թոնա գետի ափը, որ նրան ընկղմեն գետի մեջ՝ առանց խեղդելու, այլ՝ այնքան ընկղմեն և հանեն, մինչև ուժից ընկնի իսպառ և ուղիղը խոստովանի, եթե ինքը ճշմարիտ Քյորօղլին է։

Գետափին ձիաներ կային օրուգ տված։ Հենց որ մոտեցավ այդ ձիաներին՝ թոկերը կտրտեց, իր տանողներին քարերի պես շպրտեց գետի մեջ, իսկ ինքը մի ոստյունով թռավ մի լավ ձիու վրա և, անթամք ու անսանձ ձիու գլուխը երկու ձեռքով իր ուզած կողմն ուղղելով՝ դուրս պրծավ բանակից։ Այս անակնկալ դեպքի վրա ամենքն էլ շփոթվեցին ու շշկլվեցին, բայց մեկ էլ որ տեսան՝ հեռվից մի թանձր փոշի բարձրացած վազում է դեպի իրանց այնպես արագ, որ կարծես նրան մղում էր մի ահեղ փոթորիկ, բոլորովին սարսափի մեջ ընկան։

Այդ թոզն ու դումանը բարձրացրել էին Քյորօղլու քաջերի ձիաները, որոնք գալիս էին սրարշավ, և նրանց տրոփյունի ձայնը արդեն մինչև բանակն էր հասնում։ Բոլի-բեգը, որ Քյորօղլու կողմից հարձակվելու հույս չուներ բոլորովին, և ո՞վ կհամարձակվեր մի փոքրիկ խմբով ամբողջ բանակի վրա հարձակվել, շուտով պատրաստվեց դիմադրելու։ Բայց ի՞նչ օգուտ։ Եկողները հազարներից ընտրված մի-մի դյուցազն էին, և իրանց քաջության համեմատ մի-մի սարսափելի մականուն ունեին՝ շքանշանի տեղ ստացած, ինչպես՝ Վարազաթուր, Գայլաբերան, Փղակնճիթ, Վագրաճանկ, Առյուծաթաթ, Անսասան, Զարհուրելի, Ասլանբալա (առյուծի ձագ), Քյարքյադան (մի եղջերու), Ազրայիլ (չար հրեշտակ), Ղրխազան կամ Ղրխղռան (քառասունին ջարդող)։ Քյորօղլին չուներ ոչ մի մականուն, բայց երբեմն անվանվում էր Հաստընչացք և Ահեղաձայն։

Քյորօղլին արդեն նստել էր Ղռաթի վրա և ձեռքն առել իր վահանն ու թուրը։ Նա գալիս էր ամենի առջևը։ Բանակին մոտեցան թե չէ՝ այնպես հարձակվեցան, ինչպես ժիր հնձողները հասած արտի վրա, և սկսեցին հնձել անխնա։ Ձիավորները հնձում էին, իսկ ձիաները ոտնատակ տալիս, կալսում։ Հնար չկար դիմադրելու, զորքը երեսը շրջեց և

235