Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/24

Այս էջը հաստատված է
ԶԱՆԳԻ-ԶՐԱՆԳԻ


1

Մարդ ու կնիկ մի տղա ու մի աղջիկ են ունենում․ տղան հասած է լինում արդեն, իսկ աղջիկը դեռ բարուրումն է լինում։ Այս աղջիկը դեռ հազիվ հինգ ամսական եղած՝ սրանց տանը տարօրինակ բաներ են պատահում։ Երբ ոչ ոք չի լինում տանը, բացի ծծկեր աղջկանից, գալիս տեսնում են, որ շատ ուտելու բաներ կան պակասած։ Բադիով[1] կաթն է լինում դրած՝ տեսնում են դատարկված, մածուն է լինում՝ նույնպես, տաշտումն է՛լ հաց չի մնում, բղուղներումը[2]՝ յուղ․ այսպես և ուրիշ շատ բաներ։ Կարծում են, որ գող պիտի մտած լինի տուն, բայց տղան ուրիշ բան է մտածում և ոչ ոքի բան չի ասում։

Մեկ անգամ, երբ ոչ ոք չի լինում տանը, տղան թաք է կենում մի մութ քնջում և տեսնում է, որ ի՞նչ, ահա՛ իր ծծկեր քույրը վեր կացավ, թողած բաժինը կուլ տվավ, ընկավ տաշտի վրա, տեսավ՝ հաց չկա, այլ միայն խմոր է հունցած, ընկավ խմորի վրա և տաշտը մաքուր սրբեց, հետո ընկավ դեսուդեն, շատ հոտոտեց, տեսավ՝ էլ բան չկա, սուս ու փուս գնաց իր տեղը պառկեց, ինչպես մի անմեղ երեխա։

  1. Բադիա - պղնձե կամ արծաթե խորունկ ջրաման
  2. Բղուղ - պանրի, թթվի, յուղի երկար կճուճ
20