Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/242

Այս էջը հաստատված է



ՔՅՈՐՕՂԼԻՆ՝ ՋԱՂԱՑՊԱՆ


Մեկ անգամ Քյորօղլու ծառաներից մեկը՝ Քաչալ-Համզան, փախել էր։ Քյորօղլին հեծավ իր հռչակավոր Ղռաթը և ընկավ Համզայի հետևից, որ բռնե նրան և պատժե։

Համզան դեռ շատ չէր հեռացել։ Նա ետ մտիկ տվավ ու տեսավ, որ հեռվից փոշի է բարձրանում, իսկույն գլխի ընկավ, որ Ղռաթի բարձրացրած փոշին է այն, ուր որ է՝ Քյորօղլին պիտի հասնե և բռնե նրան։ Հնար չկար փախչելու։ Նրա բախտից՝ նույն տեղը մի ջաղաց կար, վազեց մտավ ջաղացը, երես-մերեսը ալրաթաթախ արավ, շորերն էլ նույնպես, և այսպես կերպարանափոխված՝ դուրս եկավ կանգնեց ջաղացի դռանը։

Քյորօղլին ձին քշած եկավ և, Համզային պատահելով՝ հարցրեց, թե՝ այս նշանով մարդ չանցա՞վ արդյոք։

— Ինչպես չէ,— պատասխանեց Համզան,— քո ասած նշաններով մի մարդ մտավ այս րոպեիս իմ ջաղացը։

— Ուրեմն, բռնի՛ր ձիս,— ասաց Քյորօղլին և իջավ ձիուց։

Ձին թողեց Համզայի ձեռքին, իսկ ինքը մտավ ջաղացը, տեսավ, որ այնտեղ ոչ ոք չկա, դուրս եկավ, որ բարկանա ջաղացպանի վրա, բայց կեղծ ջաղացպանը արդեն Ղռաթի վրա էր։

— Անպիտա՜ն, ինձ խաբեցիր՝ բավական չէ՞, համարձակեցար հեծնել նաև իմ Ղռաթի՞ս,— ասաց Քյորօղլին բարկությամբ։

238