Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/245

Այս էջը հաստատված է

Դամյուրջօղլին այսպես երկար կշարունակեր, բայց Քյորօղլին նրան միջահատում է, ասելով՝ կատակի ժամանակ չէ. և ի՛նքն է սկսում երգել այլ եղանակով և ահեղ ձայնով․

Ծառաս փախել է մինչ Արաբըստան՝
Շո՛ւտ արեք, ուր որ է՝ փնտրեցեք բերեք,
Շլընքին զարկելով կապեք կռները,
Արաբ ձիու վըրա բարձեցեք բերեք.
Շլընքին զարկելով կապեք կռները,
Արաբ ձիու վըրա բարձեցեք բերեք։

Իր գործած հանցանքը դըրեք իր վըզին,
Որ չասեն՝ անմեղ էր, իզուր պատժեցին,
Մորթեցեք եզան պես, քերթեցեք կաշին,
Միսը մաս-մաս արեք, ջարդեցեք բերեք։

Քյորօղլին եմ ես, չեմ մնալ ջաղացպան,
Իմ Ղռաթին երբեք չի տիրիլ Համզան,
Գետնի տակն էլ լինի՝ հանեցե՛ք նրան,
Ձիու պոչից կապած՝ քաշ տըվեք բերեք։


* * *

Ինչ ասել կուզի, որ Քյորօղլու հրամանը շուտափույթ կատարվեց։ Քյորօղլուն պատահած այս արկածը պատմվում է և ուրիշ ձևով[1]։

ՔՅՈՐՕՂԼՈՒ ԹՈՒՐԸ
(Ավանդություն)

Քյորօղլին, դեռևս տասնչորս տարեկան մի պատանի՝ հորթարած է լինում։ Մի անգամ մի փախուստ տվող հորթի հետևից քար է գցում, որ ետ դարձնե, քարը դիպչում է հորթին և գնդակի պես միջովն անցնում։ Հորթը սատկում է, իսկ նրա տերը պահանջում է իր ապրանքի գինը։ Քյորօղլու հայրը, որ թեպետ կուրացած, բայց շատ փորձառու մարդ է լինում, ասում է որդուն.

— Որդի՛, վնաս չունի, մենք կվճարենք հորթի գինը, եթե ինձ կհասցնես այն հորթասպան քարը։ Այն քարը մի հորթից շատ ավելի կարժե։

Որդին բերում է քարը և տալիս հորը։

  1. ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. Քյորօղլու բոլոր երգերը երեք եղանակ ունեին միայն։ Այստեղ բերած երեք երգերից ամեն մեկը ջոկ եղանակ ունի, և այդ երևում է երգերի ձևից և տողերի չափից։ Երգելիս առաջին տան կազմությունը պետք է տալ և մյուս տներին։

16. Ղ.Աղայան

241