Մայրը դուրս էր գնացել թոնիրը վառելու․ երբ որ եկավ, որ խմորը գնդե, տեսավ՝ խմոր չկա։ Տղան դուրս եկավ մի անկյունից, մորը դուրս կանչեց և պատմեց նրան, ինչ որ տեսել էր աչքովը։
Մայրը չհավատաց, թե ինչպե՞ս կարելի է, այդպես բան չի լինիլ։
Տղան ասաց.
― Ուրեմն, դո՛ւք գիտեք, այդ դուք, այդ ձեր աղջիկը, ինչ կուզեք՝ արեք․ ես այս տանը չեմ կարող մնալ․ դա որ մի քիչ էլ մեծանա, մեզ ամենքիս էլ կուտի․ դա դև է, դա վիշապ է և ոչ թե աղջիկ։
Այս ասաց տղան ու հեռացավ իրանց տանից։ Քիչ որ հեռացավ իրանց տանից՝ ճանապարհին նստեց։ Քաղցած էր, ուտելու հաց չուներ, մի քանի հատ չորցրած ծիրան ուներ ջեբումը, հանեց կերավ և կորիզները թաղեց այնտեղ։ Այդ կորիզներից հետո երեք ծիրանի ծառեր դուրս եկան։
Տղայի անունը Թաթուխ էր։ Թաթուխը գնաց ընկավ չոլեչոլ, որ դուրս գա մի ուրիշ աշխարհ, բայց ո՛չ քաղաք գտավ, ո՛չ գյուղ․ տեսավ՝ մի հովտի մեջ ոչխարներ են արածում, գնաց դեպի այն կողմը։ Գնաց տեսավ, որ ոչխարների մոտ հովիվ չկա։ Երեկոյան դեմ, երբ ոչխարի հոտը թեքվեց դեպի իր փարախը, Թաթուխն էլ նրանց հետ գնաց։ Երբ որ հոտը փարախ հասավ, մեկ մարդ ու կնիկ դուրս եկան մի քարայրից, երկուսն էլ կույր, կթեցին իրանց ոչխարները շոշափելով, իրանց ուտելու բաժինը վերցրին մի ջոկ ամանում, տարան հաց բրդեցին մեջը և սկսեցին ուտել։ Թաթուխը կամաց մոտեցավ բրդած ամանին և մի կողմից էլ ինքն սկսեց ուտել։ Կույրերը չիմացան, որ մի նոր հացընկեր ունին, և թեև չկշտացան այս անգամ, բայց ձայն չհանեցին։ Այս բանը կրկնվեց մի քանի անգամ։ Մեկ օր էլ մարդն ասաց կնկանը.
― Ա՛յ կնիկ, այս քանի օր է՝ ես քաղցած եմ մնում, կաթն ամեն օրվա չափ է լինում, բայց ես չեմ կշտանում։
Կնիկն էլ ասաց.
― Ա՛յ մարդ, ես կարծում էի, թե դու սովորականից շատ ես ուտում, էնդուր[1] եմ ես քաղցած մնում․ ուրեմն, մենք երկուսս էլ քաղցած ենք մնում, չլինի՞ թե՝ մի ուրիշ մարդ մասնակից է լինում մեր սեղանին։
― Շատ հավանական է, որ այդպես լինի։ Ես մի ուրիշ բան էլ եմ նկատել։ Մինչև հիմա ոչխարները մենք էինք տուն քշում, բայց հիմա իրանք իրանց են ներս գնում, երևի մի քշող կա նրանց։ Գիտե՞ս ինչ է. հաց ուտելիս, երբ որ ես կհազամ, դու իսկույն երկու ձեռքդ մեկնի՛ր, ես էլ մյուս կողմից կպարզեմ, և այսպիսով, եթե մեր կողքին մարդ լինի, կգրկենք նրան։
Երեկոյին հաց ուտելիս մարդ ու կնիկ կատարեցին իրանց պայմանը և մեր Թաթուխին իրանց ճանկը գցեցին։
― Ո՞վ ես դու― ասացին,― ինչո՞ւ ես քեզ թաքցնում մեզանից։
Թաթուխն ասաց.
― Ես մի օտարական մարդ եմ, եկել եմ ձեր օջախն եմ ընկել, դուք եղեք ինձ հայր ու մայր, ես կլինիմ ձեզ որդի, հովվություն կանեմ և ձեզ կպահպանեմ։
― Շա՛տ լավ,― ասացին,― ուրեմն, քեզ հենց Աստված է ուղարկել մեզ համար, մենք զավակ չունինք, դո՛ւ եղիր մեզ որդի։
- ↑ էնդուր - դրա համար, այդ պատճառով