Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/27

Այս էջը հաստատված է


― Աչքերը գտա, բայց ինչպե՞ս պետք է սաղացնեմ։

― Աչքերը կդնես իրանց տեղը և մեր նորահարսի աղլուխովը[1] կշփես, իսկույն կառողջանան։

Թաթուխը գնաց վերցրեց նորահարսի աղլուխը։

― Դե, հիմա ազատի՛ր մեզ,― աղաղակեցին ամենքը։

― Կազատեի, բայց ո՞վ է երաշխավոր, որ դուք ձեր վրեժը չեք լուծիլ և մեծ պատառս ականջս չեք թողնիլ։ Չէ՛, այդ հույսը մի՛ ունենաք ինձանից, ձեզ փրկություն չկա, լացե՛ք ձեր սև օրը։

Դևերի հարսանիքը սուգի փոխվեցավ։ Աղաչանք, պաղատանք չազդեցին նրա վրա, ու ի՜նչ խելք կլիներ, եթե փրկեր։ Կացինը ձեռն առավ մեր Թաթուխը և մեծից սկսած մինչև փոքրի գլուխները ջախջախեց, և այն սարը սրբեց դարանագործ դևերից։

  1. Աղլուխ - թաշկինակ, գլխաշոր