Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/29

Այս էջը հաստատված է


― Նայեցեք այս կաթին․ երբ որ տեսնեք՝ գույնը փոխել է, կարմրել է կամ սևացել, իմացեք, որ ես մի նեղության մեջ եմ, իսկույն կարձակեք իմ Զանգին ու Զրանգին, նրանք ինձ օգնության կհասնեն։

Թաթուխը գնաց և հասավ երեք ծիրանի ծառերին, որոնք արդեն շատ բարձրացել և ահագին կոկ ծառեր էին դառել։ Իջավ այդտեղ, փոքր-ինչ հանգստացավ և հետո գնաց իր ծննդարանը։ Ի՞նչ ծննդարան… էլ ո՛չ մի շունչ չկար կենդանի, ամբողջ գյուղը մնացել էր կանգուն, բայց մեջը բնակիչ չկար։ Թաթուխը ձիով էր գնում, հետն էլ մի խուրջին[1] ուներ՝ ճամփի պաշարով լիքը։ Ձին քշեց ուղղակի դեպի իրանց տուն և իջավ դռանը։ Մտավ ներս և, ո՜վ հրաշք, տեսավ՝ իր քույրը նստած իրանց օջախի առջև, և ուրիշ ոչ ոք։ Քույրը վեր կացավ, փաթաթվեց եղբոր շլնքին[2], ասելով.

― Դու բարո՜վ ես եկել, հազա՜ր բարով, իմ եղբայր, իմ աչքիս լույս, ո՞ւր էիր, ինչո՞ւ ուշացար այսքան։― Այս ասաց քույրը և շտապելով դուրս եկավ դուռը։

Տեսավ՝ ձին կապած, խուրջինը վրան։ Խուրջինն ամբողջ կուլ տվավ և ներս գնաց եղբոր մոտ ու հարցրեց.

― Եղբա՛յր ջան, քեզ մատաղ, առանց խուրջինի՞ ես եկել։

― Այո՛,– պատասխանեց Թաթուխը և իսկույն հասկացավ, որ խուրջինը կուլ է տվել։

Քույրը մեկ էլ դուրս եկավ և ձիու մեկ ոտը կերավ ու ներս գալով հարցրեց.

― Եղբա՛յր ջան, քեզ մատաղ, ձիդ երե՞ք ոտով ես բերել։

― Այո՛,― պատասխանեց Թաթուխը։

Քույրը դուրս գնաց և ձիու երկրորդ ոտն էլ կերավ ու ներս գալով հարցրեց.

― Եղբա՛յր ջան, քույրդ քեզ մատաղ, ձիդ երկո՞ւ ոտով ես բերել։

― Այո՛,― պատասխանեց եղբայրը։

  1. Խուրջին - ուսին կամ գրաստի վրա դնելու, բրդից գործված երկաչքանի տոպրակ
  2. Շլինք - վիզ, պարանոց