Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը որ տեսավ՝ մնաց զարմացած։
― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։
Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։
― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է, ինչպես սատանա։
Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։
― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության որպիսությունը։
Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում ու հաստանում է խոզի պես։
Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։ Կանչեց նրանց իր մոտ և ասաց.
― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։ Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։ Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։
― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։