Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/39

Այս էջը հաստատված է
5

Եղեգնուհու հրաշալի կար ու գործի համբավը հասավ մինչև թագավորի ապարանքը։ Թագավորի որդին կանչեց պառավին և զանազան կար ու գործի պատվերներ տվավ նրան։ Պառավը շուտով հասցրեց այդ ամենը, տղան նայեց, մնաց զարմացած, կարծես ձեռք ու ասեղ չէր դիպած։

― Այ պառավ,― ասաց թագավորի որդին,― ո՞վ է կարել այս, պետք է ինձ ուղիղն ասես։

Պառավը չկարողացավ թաքցնել և ասաց, թե՝ այսպես ու այսպես մի աղջիկ ունիմ, նա՛ է անում այս ամենը։ Թագավորի որդին ասաց.

― Ես պիտի տեսնեմ նրան։

Պառավն ասաց.

― Շատ լավ, բայց թույլ տուր՝ առաջ իրանից հրաման առնեմ, թող իր կամքովը լինի։

Տղան ասաց.

― Շատ լավ, բայց չուշացնես։

Պառավն ասաց աղջկանը, որ թագավորի որդին ուզում է նրա տեսությունը։ Աղջիկն ասաց.

― Շատ լավ. կասես իրան, որ մենակ չգա, այլ թող հետը բերե իր հորն ու մորը և իր նորահարսին։ Դու ճաշի հրավիրիր նրանց, մի՛ վախենար․ ես ամեն պատրաստություն կտեսնեմ, նրանց քաղցած չենք թողնիլ։

Պառավը հայտնեց թագավորի որդուն, և նա էլ, ինչպես ասել էր աղջիկը, վեր առավ հորն ու մորը և հարսնացվին ու գնաց պառավին հյուր։

Եղեգնուհին դռան մոտ դիմավորեց նրանց և թագավորավայել ձևերով ու պատվով ներս հրավիրեց հյուրերին։ Ամենքը մնացին հիացած։ Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝ կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր փռվում։ Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր, բայց ձայն չհանեց․ թագավորի որդին էլ թեպետ չէր տեսել, բայց սրտով իմացավ, որ սա՛ պիտի լինի իր հարսնացուն․ իսկ բոշա աղջիկը ամենից շուտ ճանաչեց և ավելի ևս սև սևացավ։ Տուն մտան թե չէ՝ սկսեց սրտնեղիլ.

― Ա՜խ, այս ո՞ւր բերիք ինձ,― ասաց,― մի՞թե մեզ կվայելե այսպիսի մի խրճիթ մտնել ու այս սատանայի երեսը տեսնել։

Բայց նրա խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ամենքի ուշք ու միտքը գրավել էր Եղեգնուհին։ Պառավի ուրախությանն էլ չափ չկար, տեսնելով իր աղջկա արած ազդեցությունը, տեսնելով, որ թագավորն ու թագուհին պատրաստ են իրանք ծառայելու նրան, բոլորովին ջահելացել էր և թև էր առել, թռչում, մերթ թագավորի ականջին էր քչփչում մի բան, մերթ՝ թագուհու։ Պառավն այն էր ասում, որ իր աղջիկը հողեղեն չէ, այլ՝ երկնքից իջած մի չնաշխարհիկ էակ է, որ նրա ձեռքին ամեն ինչ հնարավոր է, և այլ այսպիսի գովություն ու փառաբանություն։ Վերջը թագավորն ասաց.

― Սիրո՛ւն աղջիկ, մենք քեզ հետ խոսելուց չենք կշտանալ, քեզ հետ ապրողի համար տարին մի ժամվան պես կանցնի, լավ կլինի, ուրեմն, որ շուտ ասես մեզ, թե՝ ո՞վ ես, ի՞նչ տեղից ես ընկել այստեղ, ովքե՞ր են քո հայրն ու մայրը և որտե՞ղ են կենում։

35