Աղջիկն ասաց.
― Ողջ լինի թագավորը, ես իմ մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե թույլ կտաք ձեր աղախնին, և ձանձրություն չի լինիլ ձեր մեծությանը՝ ես մի համառոտ հեքիաթ կասեմ։
― Շատ ուրախ կլինինք,― ասաց թագավորը,― ինչ որ ասես, մենք ուրախությամբ կլսենք։
Եղեգնուհին մեջտեղ բերավ մի վազան[1] չոր ճյուղ և տնկեց սուփրի մեջտեղը, մի մորթած ու մաքրած հում կաքավ էլ շամփուրը քաշած՝ բերավ, դրավ սուփրի վրա և ասաց.
― Այն, ինչ որ ես ասելու եմ, եթե ստույգ լինի, թող այս կաքավը անկրակ խորովվի, և այս վազան չոր ճյուղը դալարի։
Ամենքն էլ աչք ու ականջ դառան, որ տեսնեն՝ աղջիկն ի՞նչ պիտի պատմե։ Աղջիկն սկսեց.
«Մի թագավոր մի որդի ուներ մինուճար։ Երբ որ որդին հասավ, և թագավորն ուզեց նրան ամուսնացնել՝ նա ասաց.
― Հա՛յր, ես կամուսնանամ, բայց իմ ամուսինս պետք է հոր ու մոր ծնունդ չլինի»։
Այս ասաց աղջիկը և, դառնալով կաքավին, հարցրեց.
― Այդպես չէ՞, կաքա՛վ։
Կաքավը պատասխանեց.
― Այդպե՛ս, տիրուհի։
Հետո աղջիկը դարձավ վազանը և ասաց.
― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։
Վազը դալարեց և սկսեց ծաղկել։ Կաքավն էլ սկսեց թշթշալ ու խորովվել, ինչպես կրակի վրա։ Աղջիկը շարունակեց.
«Ճար չկար, թագավորը շատ ման եկավ, որ իր որդու ուզած մի աղջիկ գտնե, վերջը
- ↑ Վազան ճյուղ - խաղողի վազի ճյուղ