― Աստված մի՛ արասցե, որդի՛, այդպես բան չես անիլ,― ասում է պառավը և երկյուղալի դեմքով բացականչում.― Ո՜հ… որ իմանաս՝ ի՜նչ երկյուղալի և սարսափելի բաներ կան աշխարհիս երեսին…
― Որտե՞ղ են այդ սարսափելի բաները, մա՛յր, հապա ինչո՞ւ ես ոչ մեկ անգամ չեմ տեսնում։
― Հապա սարսափելի չե՞ն քառասուն հարամիքը[1]. ամբողջ աշխարհս դողում է նրանց ձեռին, նրանց երկյուղից ոչով սիրտ չի անում նրանց հողումը ոտք դնել։
― Ուրեմն՝ նրանց որ տեսնեմ, անպատճառ կվախենա՞մ, մա՛յր։
― Աստված մի՛ արասցե, որդի՛, իհարկե կվախենաս, քար լինի՝ կհալչի նրանց երկյուղից։
Աներկյուղը մյուս օրը ճանապարհ ընկավ ու գնաց երկյուղ փնտրելու։ Նա ոչինչ չուներ, այլ միայն մի պարկ ուներ շալակին, մի կտոր չոր հաց ուներ կռնատակին և մի չոր մահակ՝ ձեռին։
Ճանապարհին ով որ պատահում էր ու հարցնում, թե՝ ուր ես գնում, նա պատասխանում էր.
― Գնում եմ երկյուղ փնտրելու։
― Գիժ կլինի սա,― ասում էին հանդիպողները և գլխները թափ տալիս։
Աներկյուղը գիժ չէր և ո՛չ հիմար։ Նա շատ խելոք էր մտածում, բայց երբեք խելոք չէր խոսում։ Նա տեսնում էր, որ իր շրջապատի մարդիկը բոլորն էլ հիմար են, ոչ մեկն իր նման չի մտածում, այս պատճառով ինքն ավելի ևս հիմարանում էր և նրանցից ավելի էլ հիմար բաներ ասում։ «Շատ էլ որ ասեմ, թե՝ ես իմաստուն եմ, ո՞վ կհավատա»,― մտածում էր Աներկյուղը. «Լավն այն է, որ գործով ցույց տամ, թե՝ ես հիմար չեմ, իսկ քանի որ գործ չկա, խոսքը նշանակություն ունենալ չի կարող»։
Այսպես են լինում առհասարակ բոլոր կարգե դուրս մարդիկը։ Նրանք որովհետև նման չեն լինում բոլոր մյուսներին, այդ պատճառով գիժ են համարվում։ Բայց հետո, երբ այդ գիժ համարվածները դառնում են նշանավոր և երևելի մարդիկ, ամբոխը զարմանում է, թե ինչպե՛ս նրա պես գիժ տղան խելոք մարդ դառավ։
Մեր Աներկյուղը գլխիցը ձեռք վեր առած՝ գնաց հասավ քառասուն հարամիների բնակարանը։
Մի ահռելի ժայռի մեջ էր նրանց բնակարանը։ Ժայռի մեջը փուչ էր, ու բազմաթիվ միջանցքների ու սենյակների պես բաներ կային նրանում։ Հին ժամանակները այդտեղ երկաթահանք էր եղել։ Հանքահանները, ժայռը փորելով՝ հանել էին երկաթաքարը, ով գիտե քանի հարյուր տարի, և մեջեմեջ սյուներ թողնելով, որ ժայռը վերևից չփլչի, շինել էին ստորլեռնյա ահագին մաղարեք[2], զաղեք[3], քարայրներ, որոնցից ամեն մեկը մյուսի հետ միացած էր մի միջանցքով և առանձին ճանապարհով դեպի դուրսը։
Հարամիների համար այդ բնակարանը մի անմատչելի ապաստարան էր։ Պատ և տանիք չուներ, որ քանդեին, ահագին սարին ի՞նչ կարող էին անել, իսկ ներսը մտնել կարող էին միայն հատ-հատ, և ո՞վ կհամարձակվեր ինքն իրան քառասուն հարամու բերանը գցել։ Այս պատճառով ահա այդ քառասուն հարամիքը ահ ու սարսափ էին տարածել շրջակա գյուղերի և քաղաքների վրա։ Գազանների պես դուրս էին գալիս իրանց անմատչելի տնից ու հարձակվում էին քարվանների, հոտերի, նախիրների և քաղաքների ու գյուղերի վրա և թալանում, կողոպտում, հափշտակում ամենայն ինչ, մինչև անգամ շատ աղջիկ ու կնիկ, և բերում լցնում իրանց բնակարանը։