Ահա՛ այս բնակարանը գնաց Աներկյուղը։
Եթե Աներկյուղը ոչ մի երկյուղ չուներ հարամիներից, հարամիքը ավելի ևս երկյուղ չէին ունենալ նրանից ու պիտի ընդունեին իբրև մի անմեղ տղայի, որ դեռ չգիտե, թե՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։
- Ո՞ր քամին է բերել քեզ մեզ մոտ,- հարցրեց նրան ավազակապետը,- ո՞ւր ես գնում և ինչո՞ւ համար ես եկել մեզ մոտ։
Աներկյուղը պատասխանեց.
- Ես ոչնչից չեմ վախենում և չգիտեմ՝ ի՞նչ բան է երկյուղը։ Լսեցի, որ դուք շատ երկյուղալի մարդիկ եք, եկել եմ, որ տեսնեմ, թե՝ ի՛նչ կա ձեզանում, որ մարդիկ այնքան վախենում են ձեզանից։
Ավազակապետը ծիծաղեց տղայի պարզամտության վրա և ասաց.
- Մեզանից այն մարդիկն են վախենում, որոնք մի բան ունեն և գիտեն, որ այն բանը մենք պիտի խլենք նրանցից ու զրկենք նրանց՝ իրանց ունեցածից, իրանց սիրած բանից։ Իսկ դու, որովհետև ոչինչ չունես և զուրկ ես նույնիսկ Աստուծո տված խելքից, իհարկե որ չես վախենալ։
- Բայց ես ուզո՛ւմ եմ վախենալ. ինչպե՞ս անեմ, ուրեմն, և ո՞ւր գնամ, որ վախենամ, որ իմանամ, թե՝ ի՛նչ բան է վախը։
- Եթե այդքան ցանկանում ես՝ մեզ մոտ կաց և կտեսնես։
- Շատ շնորհակալ կլինեմ,– ասաց Աներկյուղը և անձնատուր եղավ ավազակապետին։
Ավազակապետը մի դաժան դեմքով մարդ էր։ Հաստ-հաստ ու խիտ մազերով հոնքերը կախ էին ընկած խոր ընկած կոպերի վրա, բայց տակից բորբոքված կրակի նման կայծեր էին արձակում նրա աչքերը։ Կուրծքը լայն էր, ինչպես մի սարի լանջ, և բրդբրդոտ, ինչպես խոզի բաշ։ Վիզն այնպես հաստ էր, ինչպես մի մամռապատ կոճղ, և այնպես ջլուտ, որ կարծես ցուլի վիզ լիներ։ Եթե Աներկյուղը վախկոտ լիներ՝ նրան տեսնելուն պես կսարսափեր, բայց ավազակապետը նրան թվաց իբրև մի գոմեշ կամ ուղտ, որոնք չնայած իրանց արտաքին ահռելիությանը՝ սովոր մարդկանց վրա ոչ մի երկյուղ չեն ազդում, այլ իրանք են վախենում նրանցից։ Աներկյուղն այնպես էր նայում հսկայի վրա, ինչպես գոմեշ խրտնեցնել և վախեցնել ուզող մի երեխա։
- Այս տղան մեզ շատ պետք կգա,– ասաց ավազակապետը մյուսներին։- Մենք սրան կարող ենք լրտես շինել և ուղարկել զանազան տեղեր, ուր մեզ չի կարելի գնալ։ Բայց պետք է նախ և առաջ փորձել սրա աներկյուղությունը։
Աներկյուղին սիրով պահպանեցին մի քանի օր. նրան ձիապահի և խոհարարի պաշտոն տվին, և հետո, նրա աներկյուղությունը փորձելու համար, ավազակապետն ասաց նրան.
- Այս քանի օր է՝ փորս սաստիկ ցավում է, եթե մի լավ հալվա եփես ինձ համար, ես կուտեմ և կառողջանամ. միայն թե՝ այդ հալվան պիտի եփես այսինչ գերեզմանատանը գիշեր ժամանակ և այն էլ՝ նոր թաղած մեռելի կողքին։
Այս պատվերը տվավ ավազակը, իսկ ինքը վաղօրոք գնաց մտավ իր ասած գերեզմանումը թաք կացավ։
Երբ լավ մթնեց՝ Աներկյուղը նույն տեղը կրակ վառեց և սկսեց հալվան եփել։ Շերեփը ձեռին խառնում էր հալվան ու մի երգ մռմռում քթի տակին։ Բայց ահա տեսնում է,