որ մի բան է խրթխրթում գերեզմանումը, մեկ էլ՝ մեռելը ձեռքը հանում է գերեզմանիցը և մեկնում դեպի տղան, ողորմություն ուզելու պես։ Աներկյուղը շերեփը լցնում է հալվայով, փչելով հովացնում և ածում է մեռելի ափը։ Նա ներս է քաշում կուռը (թևը), տվածն ուտում է և էլի մեկնում ձեռքը։ Աներկյուղը մեկ էլ է լցնում շերեփը հալվայով, հովացնում և ածում մեռելի ափը։ Այսպես կրկնվում է երեք անգամ։ Բայց չորրորդ անգամ էլ որ մեկնում է՝ նա, փոխանակ հալվայի, կրակոտ խանձուղով խփում է ձեռքին և ասում.
- Քեզ պես անամոթ մեռել չեմ տեսել, բավակա՛ն է ինչքան որ կերար. բոլորը որ քեզ ուտացնեմ, էլ իմ աղային ի՞նչ տանեմ. եթե որ այդպես ուտելու ախորժակ ունեիր, էլ ո՞ւր էիր մեռնում. երևի, բանից ես փախել և ընկել մեռելների կարգը։
Մեռելը մեկ էլ է պարզում ձեռքը։
- Ասացի, որ էլ չե՛մ տալ, խելք ունես՝ ձեռքդ ե՛տ քաշիր, թե չէ՝ կրակով կայրեմ։
Մեռելը չուզեց ձեռքը ետ քաշել, Աներկյուղը պինդ բռնեց ձեռքիցը և խանձուղով այրեց։ Հսկան վեր թռավ տեղիցը և ընկավ Աներկյուղի վրա, բայց նա իր անվեհերությունը չկորցրեց, այլ՝ ջուխտ ոտները գրկեց և հսկային գետին գլորեց։ Նա վեր կացավ փախավ, որ Աներկյուղը իրան չճանաչի։