Աներկյուղը հալվան տարավ ավազակապետին տվավ և պատմեց մեռելի արարմունքը։
- Օ՜… այդպես բան չի լինիլ,– ասաց նա,– երևի վախեցել ես, և աչքիդ այդպես է երևացել։
- Կարելի է,– ասաց Աներկյուղը՝ չիմանալով, թե ի՛նչ բան է աչքին երևալը.– ուրեմն, եթե վախն այդ է՝ ես նրա գլխին լավ օյին դրի։
Ավազակապետը այս փորձից հետո Աներկյուղին շինեց իր լրտեսը և լրաբերը։ Նրան ուղարկում էր ամեն տեսակ վտանգավոր տեղեր, և նա գնում էր երբեմն ձիով, երբեմն ոտքով և ամեն հանձնարարություն այնպես էր կատարում, որ ավազակներն իրանց նպատակին չհասնեն և հաջողություն ունենալու տեղ անհաջողության հանդիպեն։
Այս պաշտոնի մեջ նա բավական վարժվեցավ թուր և նիզակ բանացնելում, ձիով ու հետի արշավանք անելում և դարձավ ավազակների մեջ ամենից կտրիճը, բայց ավազակ չդառավ, այլ՝ ավազակներ կոտորող։ Նա երբ որ հանդիպում էր մի քարվանի՝ նրանց զգուշացնում էր, թե ի՛նչ տեղ պիտի իջնեն, և իմաց էր տալիս, թե՝ այսինչ ժամանակ պիտի հարձակվեն ավազակները, բայց չվախենան, ինքն օգնության կհասնի։ Եվ ճշմարիտ. երբ գնում էին հարձակմունք գործելու թե՛ քարվանի և թե՛ գյուղի վրա՝ նա փոխում էր իր գդակը, դեմքը ծածկում և հարձակվում ավազակների վրա. որի՝ գլուխը ջարդում, որի՝ կուռը կոտրում, ավազակներից հափշտակում, վերադարձնում տերերին և ինքը կրկին խառնվում նրանց մեջ և հետները գնում։ Մեկ, երկու, երեք այսպես որ արավ՝ ավազակապետի սիրտը կասկած ընկավ, և այն մտքին եկավ, որ այս բանն անողը Աներկյուղն ի՛նքն է և ո՛չ ուրիշ մարդ…