Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/48

Այս էջը հաստատված է

Լուսացավ թե չէ՝ սովդաքարը գնաց գյուղը և հարցուփորձ անելով իմացավ, թե ո՛ւմ տանն է երեխա ծնվել այն գիշերը։ Գնաց տեսավ բարուրի մեջ մի սիրուն փափլիկ տղա, և առաջարկեց նրա հորն ու մորը, որ երեխան իրան տան։

- Ես մեծ կարողության տեր եմ,- ասաց,– բայց որդի չունեմ։ Ես դրան կորդեգրեմ, բոլոր ունեցած-չունեցածս դրան կտամ, ձեր ապրուստն էլ կհոգամ։

Ծնողաց համար շատ դժվար էր համաձայնվել մի այսպիսի առաջարկության, մանավանդ՝ ծննդկան[1] մոր համար, բայց որովհետև իրանք աղքատ էին, չգիտեին՝ ինչ անեն, տան թե չտան։ Հավաքվեցին դրացիները և ամեն կողմից սկսեցին համոզել ծնողացը, որ իրանց որդու բախտավորությանը արգելք չլինեն։

- Առանց դրան էլ զավակներ շատ ունիք,– ասացին նրանք,– և էլի կունենաք. դուք հազիվ նրա՛նց կարող եք պահել. այդ մեկն էլ տվեք այս պարոնին, թող գնա. հարուստ մարդ կդառնա, ձեզ էլ կհարստացնե։

Սրա վրա ծնողքը հոժարեցան և երեխային մի քանի ոսկով տվին սովդաքարին։

Սովդաքարը տարավ երեխային իր քարվանը և ճանապարհ ընկավ դեպի իր գնալու աշխարհը։ Շատ գնաց թե քիչ՝ Աստված գիտե, երբ որ հասան մի ջրառատ և գեղեցիկ հովիտ՝ այդտեղ իջան հանգստանալու։

- Սրանից էլ թաքուն տեղ չի լինիլ,- մտածեց սովդաքարը.– հիմա ես սրան թաղել կտամ այս հովտումը, տեսնեմ՝ այնուհետև էլ ինչպե՞ս պետք է խլե ինձանից իմ բախտը։

Կանչեց իր հավատարիմ ծառային և ասաց.

- Ա՛ռ այս երեխային և տա՛ր մատաղ արա ինձ համար. միայն սիրտն ու թոքը բեր ինձ։ Սովդաքարը կարծում էր, որ երեխայի սիրտն ու թոքը կվերադարձնեն իր բախտը։

  1. Ծննդկան - նորածին երեխայի մայր
44