Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/50

Այս էջը հաստատված է

Եվ որովհետև սկզբում այծն էր պահպանել նրան, այդ պատճառով նրա անունը դրին Այծատուր, ասում էին և «Այծի տղա» մականունով։

4

Այծատուրը դառել էր արդեն տասնըվեց-տասնըյոթ տարեկան և մի հրաշագեղ, խելոք, ժրաջան և ամենքին սիրելի երիտասարդ էր։ Այս միջոցներին սովդաքարը մեծ քարվանով եկավ իջավ այս գյուղումը։ Հյուրասեր գյուղացիք շրջապատեցին սովդաքարին և մեծ պատվով ընդունեցին։ Ամենից առաջ նրա ձիու կապը բռնեց Այծատուրը, օգնեց նրան իջնել ձիուց և ինքն սկսեց ձին ման ածել, որ հանգստացնե հոգնածությունից։ Երբ որ ձին կապեց և խոտ տվավ, սկսեց իրան՝ սովդաքարին ծառայել և կերակուր պատրաստել։ Սովդաքարին շատ դուր եկավ Այծատուրը. նրա քաղաքավարի խոսք ու զրույցը, շարժմունքը, ճարպիկությունը սովդաքարի ուշադրությունն այնպես գրավեցին, որ ուզեց նրան իր մոտ վերցնել։ Սկսեց հարցուփորձ անել, և տղան պարզամտությամբ պատմեց իր ծագումը, ինչպես որ լսել էր, և իբրև ապացույց իր ասածի ճշմարտության՝ վկա բերավ իր Այծատուր անունը։

Սովդաքարն իսկույն մատը կծեց։

- Հը՜մ,– ասաց իր մտքումը,– սա իմ վերցրած մանուկը պետք է լինի, և հենց այստեղ էլ հրամայեցի, որ սպանեն նրան, բայց բանից դուրս է գալիս, որ ծառաս չի կատարել իմ հրամանը, և հենց տարիքն էլ համապատասխանում է նույն տարվան։

- Այծատո՛ւր որդի,– ասաց սովդաքարը,– կուզե՞ս ինձ մոտ մնալ. ես քեզ կնշանակեմ գլխավոր վերակացու իմ բոլոր ունեցած-չունեցածի վրա. դու խելոք տղա ես երևում, լավ ապագա կունենաս։

- Ես այդպիսի բախտից փախչող չեմ,– ասաց Այծատուրը,– երբ որ դուք այդչափ ողորմած և բարի կլինեք դեպի ինձ, ես էլ կաշխատեմ երախտահատույց լինել և հույս ունեմ, որ ամոթով չեմ մնալ ձեզ մոտ։

Ինչ ասել կուզի, որ սովդաքարի նպատակը չար էր։ Նա ոչ թե Այծատուրի բախտը, այլ նրա անբախտությունն ու մահն էր ուզում։

Այծատուրը, հուսադրելով իր խնամակալ պառավին, որ շուտով ետ կդառնա և նրան մենակ չի թողնիլ, մնաս բարև արավ, գնաց սովդաքարի հետ։

5

Մեծ հարստության տեր էր սովդաքարը։ Երբ որ նրա քարվանի ծայրը բացվում էր, էլ վերջը չէր կտրվում։ Հազարավոր ուղտեր, ձիանք և ջորիք միայն նրա՛ վաճառքն էին մի քաղաքից մյուս քաղաք տեղափոխում։ Ի՜նչ ճոթեղեն[1], ի՜նչ ակնեղեն, ի՜նչ մրգեղեն ու համեմունք ասես, որ նա չուներ։ Ով ինչ ուներ ծախելու՝ նրա առնելուն էր սպասում, ով ինչ գնելու ուներ՝ նրա ապրանքի գալուն էր սպասում։ Երբ որ տանից դուրս էր գալիս, էլ տարիներով չէր վերադառնում. պատահում էր, որ ամիսներով ճանապարհ էր գնում, օրինակ՝ Հնդստանից մինչև Խորասան, Խորասանից մինչև Թիֆլիս, Թիֆլիսից մինչև Հաշտարխան։ Տուն ուներ՝ ինչպես թագավորական պալատ. շահերն ու սուլթանները նրանից էին փող պարտք անում, նրա թանկագին ընծաներին սպասում։

Նա կին ուներ, բայց արու զավակ չուներ, այլ՝ մի աղջիկ միայն, որ ինչքան գեղեցիկ

  1. Ճոթեղեն - կտորեղեն
46