Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/62

Այս էջը հաստատված է


— Շա՛տ լավ, գնա՛,— ասաց դատավորը,— դու արդար ես. միայն՝ այն երեխային ուղարկիր ինձ մոտ, ես կուզեմ տեսնել նրան։

Այս դեպքից հետո հայտնի եղավ շատերին, որ իրանց մեջ մի իմաստուն մանուկ կա, և ով որ տեսնում էր նրան՝ գլուխ էր վայր բերում, ինչպես մեծ մարդու, և հարգում ու պատվում նրան, ինչպես Աստուծո ընտրածի։

* * *

Բուն բարեկենդանի կիրակի երեկոն էր։ Ամեն տանը մեծ խնդություն և ուրախություն կար։ Տխուր էր միայն քաղաքի մեջ մի նշանավոր կին՝ իր աղախնու և երեխանց հետ։ Դրանք ոչինչ չունեին ուտելու։

Տիկնոջ մարդը երևելի հարուստ վաճառական էր։ Երկար ժամանակ էր, ինչ որ հեռացել էր քաղաքից և կնոջ համար ապրուստ չէր ուղարկել։ Կինն սկսել էր տան կայքը քիչ-քիչ ծախել և նրանով կառավարվել էր մի կերպ, վերջն սկսել էր ձեռագործություն անել, բայց դրանով այնքան վարձատրություն չէր ստանում, որ բավական լինի իր ապրուստին։ Այդ օրվա ձեռագործին ընդամենը երկու շահի[1] էին տվել, մի շահու յուղ ու հաց էր առնուլ տվել, խաշու[2] շինել, մի շահու էլ՝ խունկ ու մոմ։

Այս տխրալի րոպեին մեկ էլ հանկարծ դուռը թխկթխկացրին։ Կնոջ ամուսինն էր նա, որ նոր էր եկել օտարությունից։

— Ո՞վ ես,— հարցնում են ներսից, բայց մարդը խորամանկությամբ իր անունը չի տալիս, իր կնոջ հավատարմությունը փորձելու համար։

— Ես եմ,— ասում է,— ի՞նչ եք հարցնում, մի՞թե չեք ճանաչում։— Եվ այս ասում է ձայնը փոխած։

Հարցնողը աղախինն էր, իսկ կինը բաց էր արել պատուհանը, որ եթե օտար մարդ լինի ներս եկողը, իսկույն ինքն իրան վայր գլորե տան երրորդ հարկից։ Այնքան տարի խեղճություն էր քաշել, բայց ոչ ոքի հայտնած չէր իր չքավորությունը, արատավորած չէր իր մաքուր անունը, լավ էր համարել մեռնել, քան թե որևէ անպատվություն բերել իր անվանը։ Մարդը երբ համոզվեց, որ օտարի առջև իր դուռը փակ է եղել, նոր հայտնեց իր անունը իր սեփական ձայնով, թե՝ ես Ավագն եմ, և դուռն իսկույն բացվեց իր առջև։

Ներս գնաց տուն, բարևեց կնոջը՝ չորս կողմին նայելով, և տունն անշուք ու ամեն զարդ ու զարդարանքից զուրկ գտնելով՝ մնաց ապշած, թե այս ինչ է նշանակում։

— Այս ի՞նչ բան է, ինչո՞ւ եք այսպես,— հարցրեց։

— Դո՛ւ ողջ լինիս,— ասաց կինը,— ի՞նչ է եղել։

— Զարմանում եմ,— ասաց մարդը,— մի՞թե մեր այսինչ ծառան քեզ չի հասցրել իմ ուղարկած գոհարը։

— Ոչինչ չեմ ստացել նրանից,— ասաց կինը.— բայց նա այժմ այլևս ծառա չէ, այլ՝ քաղաքիս առաջին հարուստն է. տներ է շինել հոյակապ պալատների նման, շինել է և մի մեծ եկեղեցի իր անունով, թագավորի առաջին սիրելին է այժմ։

— Հասկացա՜. ուրեմն, իմ ուղարկած հարստությունը իրան է սեփականել և ձեզ մատնել այս թշվառությանը։ Շա՛տ լավ, ես կիմանամ, թե վաղն ի՛նչ օյին կբերեմ նրա գլխին։

  1. Շահի - մանրադրամ
  2. Խաշու - ջրալի կերակուր լոբով, մսով, ձավարով և այլն
58