1938-ին տակավին տասը տարեկան դեռահաս էի և մոլի ընթերցասեր, շատ էի սիրում կարդալ ժողովրդական հեքիաթներ։ Թումանյանի հեքիաթներն ու «Սասունցի Դավիթը» գրեթե անգիր գիտեի։ Ուստի խնդրեցի մեր բարեկամ մանկավարժներին ինձ բերել հեքիաթների որևէ նոր գիրք։ Կարծեմ տարեմուտի օրերն էին, երբ ինձ բերեցին Ղ. Աղայանի հեքիաթների պատկերակազմ ժողովածուն։ Թողած ամեն բան կլանվեցի այդ գրքի ընթերցանությամբ։ Գիրքն ավարտեցի երկու օրում շշմեցուցիչ տպավորությամբ։ Ինձ համար բացվել էր հեքիաթների մի նոր, գունագեղ աշխարհ՝ մինչ այդ իմ իմացած հեքիաթներից տարբեր… Մեկը մյուսին հաջորդում էին բարի և աստվածային նախախնամությունը վայելող հերոսների արդարացի մաքառումների լուսահրաշ պատկերները չարն ու չարիքը մարմնավորող դիվային կամ մարդկային կերպարների դեմ, վերջիններիս բնորոշ քստմնելի արարքներով ու տեսարաններով։ Ես շնչակտուր հետևում էի հեքիաթի ավարտին, որը միշտ պսակվում էր արդար ու բարի հերոսի վերջնական հաղթանակով ու երջանկությամբ և չար հրեշի կամ մարդու պարտությամբ։ Աշխարհի բոլոր ժողովուրդների հրաշապատում հեքիաթները գրեթե այս նույն կառուցվածքն ունեն։ Սակայն հետագայում հասկացա, որ այն վիպական լարվածությունն ու ապրումները, որոնցով համակվում է ընթերցողը, պայմանավորված է ոչ միայն և ոչ այնքան հեքիաթի ավանդական կառուցվածքով, որքան հեքիաթասացի, որ նույնն է, թե՝ հեքիաթը վերամշակողի վարպետությամբ և արվեստով, տվյալ դեպքում Ղ. Աղայան հեքիաթագրի բացառիկ տաղանդով։ Եվ այդ էր, անշուշտ, պատճառը, որ երբ սույն ժողովածուն հրատարակության հանձնելուց առաջ մանրամասն վերընթերցեցի, ունեցա գրեթե նույն ապրումներն ու տպավորությունները, ինչ 65 տարի առաջ՝ այդ հեքիաթներն առաջին անգամ կարդալիս։
Ղ. Աղայանը գեղջկական խավերից ելած տաղանդավոր մտավորական էր, մանկուց ճաշակած և յուրացրած ժողովրդական բառուբանի ողջ համն ու հմայքը։ Հետագայում դառնալով ականավոր գրող ու մանկավարժ, խորամուխ լինելով մանկաշխարհի հոգու ծալքերի մեջ՝ նա իր բնատուր տաղանդի և մանկուց յուրացրած ժողովրդական բառուբանի շնորհիվ կարողացել է կերտել մանկական վառ երևակայությունը հուզող այնպիսի ստեղծագործություններ, որոնք միանգամայն հարազատ էին ու դյուրամատչելի մանկական հոգեբանությանն ու ազգային ճաշակին։ Այդ ստեղծագործությունների շարքում առաջնակարգ տեղ ունեն հեքիաթները։
Աղայանը նախ իր մանկական տարիքում լսած հեքիաթների տպավորությունների տակ, հանձին հեքիաթասաց Գյուլնազ տատի և նրան ունկնդրող երեխաների ակտիվ կապի, ստեղծել է հեքիաթ պատմելու և լսելու միջավայրի կենդանի պատկերներ, որոնց շնորհիվ այսօրվա ընթերցողը լիարժեք պատկերացում է կազմում անցյալում հեքիաթների կենցաղավարման և ունկնդիր մանուկների հոգեբանական հետաքրքրասիրությունների մասին։
Աղայանի մշակած հեքիաթները ճնշող մեծամասնությամբ քաղված են ազգային բանահյուսությունից («Օձամանուկ և Արևահատ», «Անտառի մանուկը», «Վաճառականի խիղճը», «Զանգի-Զրանգի», «Եղեգնուհի», «Խիզախը կամ Աներկյուղը», «Այծատուր», «Հնարագետ ջուլհակը», «Մանուկ-խան», «Ասլան-Բալա», «Անահիտ», «Արեգնազան կամ Կախարդական աշխարհ» «Արևամանուկ», «Լույս ու մութ աշխարհները»)։ Միայն երկու հեքիաթային սյուժե վերցված է արաբական բանահյուսությունից («Հազարան Բուլբուլ») և հունական առասպելաբանությունից («Վիշապին հաղթողը»)։ Իսկ մեկ հեքիաթում («Քի՜չ էլ, քի՜չ էլ»), երկու հակադիր պատկերներ ստեղծելու նպատակով, Աղայանը հարակցել է երկու տարբեր սյուժե՝ մեկը քաղված հայ հեքիաթային ավանդությունից («Ուխայը»), մյուսը՝ Արևելքում և հայ բանահյուսության մեջ լայն տարածում գտած առասպելական Լոխման հեքիմի մասին ավանդական զրույցներից։