Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/71

Այս էջը հաստատված է

րին այնպես են սրբում պատերազմի դաշտումը, ինչպես մենք սրբում ենք մեր կալերը ցախավելով։ Ի՞նչ խելք կլինի, ուրեմն, ձեր կողմից՝ գնալ և այդ դևերի ճանկն ընկնիլ։

— Ների՛ր ինձ, հա՛յր թագավոր, որ համարձակվեմ քեզ հետ վիճել,— ասաց Արսենը։— Ոչ մի ուժ աշխարհիս երեսին չի կարող Աստուծո կամքին հավասարվիլ։ Ուժն Աստծու ձեռին է. երբ ուզենա՝ կզորացնե, երբ չէ՝ կթուլացնե և զորեղ դևին մի երեխա կշինե։ Դու ասում ես, որ շատերն են կռվել և հաջողություն չեն ունեցել, բայց արդյոք այդ շատերի մեջ եղե՞լ է մի մարդ, որ իր սնունդն առյուծից լինի առած։ Ո՞վ տվավ առյուծին այդ գութը, որ ինձ պահե, պահպանե, եթե ո՛չ Աստված։ Արդյոք այդ կռվողների մեջ եղե՞լ է մեկը, որ Վուրգի նման սիրահարված լիներ, և կամ մի որևէ պառավ իր անեծքով կամ օրհնությունով նրա մեջ ձգած լիներ Աննմանի սերը։ Ինչո՞ւ չկարծել, որ այս հիշած բոլոր դեպքերի մեջ մի աներևույթ կապ կա, և դրանք նրա համար են այսպես միացել, որ ձեռք բերեն այն, ինչ որ ուրիշները չեն կարողացել։

— Շատ խելոք ես խոսում, Արսե՛ն,— ասաց թագավորը,— դու լավ պատգամախոս կլինիս, և ամեն հրաշագործություն կհաջողի քեզ, քանի որ քո մանկությունն ի՛նքը մի հրաշք է։ Բայց պետք է գիտենաս, որ քուրմ է եղել թե հրաշագործ՝ թագավորի հրամանովն են անում, ինչ որ անում են, իսկ թագավորը նրանց գործի է դնում իր օգտին, առանց նրանց ինքն անձամբ հավատալու։ Դու կարող ես, այո՛, քրմապետ լինել, բայց ո՛չ ինձ հավատի բերելու համար։ Իմ ասածը ասած է։

— Հա՛յր,— խոսեց Վուրգը,— միևնույն է, եթե չգնամ էլ, այս ցավով պիտի մեռնիմ ես։ Ես արդեն մեռած կլինեի, եթե Արսենի հուսատու հորդորները չլինեին։ Եթե թույլ չտաս մեզ գնալ, իմ հուսահատվիլս ու մեռնիլս միասին կլինի։ Գթա՛ ինձ, օրհնի՛ր մեզ և ճամփա դիր։

— Մի՛ հավատար, հա՛յր,— մեջ ընկավ Աստղիկը։— Ո՞վ է մեռել սիրուց, որ եղբայրս մեռնի։ Պարապությունից խենթություն է եկել վրան։ Պատերազմ հայտնիր Անդաս թագավորի դեմ, թող երթա՝ այնտեղ ցրվե իր ցնորքները…

— Քո՜ւյր իմ, սիրելի՜ քույր…— բացականչեց Վուրգը՝ աղաչողական հայացք ձգելով Աստղիկի վրա։

— Եղբա՜յր իմ, սիրելի՜ եղբայր,— պատասխանեց Աստղիկը՝ այնպիսի մի հայացք ձգելով Արսենի վրա, որի մեջ ամփոփված էր մի ամբողջ վեպ։

Վուրգն իմացավ, որ քույրը նույնպես սիրահարված է, և եթե իր սերը պահանջում էր հեռանալ, քրոջ սերը, ընդհակառակն, պահանջում էր չհեռանալ։

— Գնանք, գնանք,— ասաց Արսենը։— Մենք մեզ կհանձնենք Աստուծո կամքին, ինչպես նա կտնօրինե, մենք էլ այնպես կվարվենք։

6

— Վճռվա՛ծ է,— բացականչեց Արսենը Վուրգի ներկայությանը, իբր ինքն իրան խոսելով․— պետք է գնանք, պետք է գնալ անպատճառ… Ես Աստղիկի սիրույն ինձ արժանի չեմ համարիլ, մինչև նրա եղբորը չհասցնեմ իր մուրազին։ Ո՞վ եմ ես, ո՞վ է իմ հայրը, մայրը… Ասլան-Բալա… դատարկ հնչյուն, որ ոչ մի եղանակ չունի։ Ի՞նչ եմ արել, ինչո՞վ եմ բարձրացրել այդ անունը, ինչո՞վ եմ պատվել իմ առյուծ դայակիս կաթի արժեքը… Ո՛չ, ես առյուծի կաթ չեմ ծծել, ուրեմն… Գնանք, գնանք, Վո՛ւրգ… Դեռ հայտնի չէ, թե՝ մեր

67