Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/72

Այս էջը հաստատված է

երկուսից ո՞րն է ավելի սիրահարված, և որի՞ առջև կան ավելի խոշոր բարոյական խոչընդոտներ։ Գնանք, հոգի՛ս, գնանք փետրավորվենք սիրո թևերով և սլանանք դեպի վեր և վեր… Ա՛հ, ի՞նչ օր կլինի, երբ մենք արդեն Սև Բերդումը կլինենք…

Մեր քաջերը, այսպես ոգևորված, գնացին թանգարանը, ընտրեցին իրանց ուզած զենք ու զրահը, վերցրին մեկ-մեկ հատ հին պապական աղոթած թրեր, որոնցով քար ու երկաթ կարելի էր կտրել, թամքեցին թռչկան ձիաները և, «որսի ենք գնում» ասելով, ձիանը հեծնելն ու անհետանալը մեկ արին։ Օրեր անցան, մեր տղերքը չերևացին։ Նոր գլխի ընկան, թե՝ ո՜ւր կլինին գնացած…

7

Յոթը-Լեռան քամակին, Սև Բերդումը Անտես-Աննմանի հսկա եղբայրները մեծ տոն էին կատարում իրանց արած հաղթությունների համար։ Յոթը դևի գլուխ էին կտրել և յոթն աղջիկ ազատել գերությունից։ Իրանք էլ յոթը եղբայր էին ընդամենը, թեև նրանց համբավը քառասունի էր հասել, յոթն էլ պսակվել էին գերությունից ազատված յոթն աղջկերանց վրա։ Ամենքն էլ ուրախ ու զվարթ էին, տխուր էր միայն Անտես-Աննմանը։

- Ինչո՞ւ այդչափ տխուր ես, քո՛ւյր իմ,– ասաց մեծ եղբայրը։– Յոթը եղբայր ունիս, յոթն էլ քեզ համար գլուխը ետ դրած, հիմա էլ՝ յոթը հարս ունիս, ամենքն էլ քո աղախինդ լինելու պատրաստ, թեև բոլորն էլ մեծ իշխանների և թագավորների աղջկերք են։ Եթե մեկ հոգս ունիս, ասա՛ մեզ, մենք պատրաստ ենք կատարելու քո ամեն մի չնչին քմույշն[1] անգամ։

- Ես ինքս էլ չգիտեմ, թե ինչի՛ եմ տխուր,– ասաց Աննմանը.– այս գիշեր մի երազ տեսա, երևի նրանից է…

- Ի՞նչ ես տեսել, ի՞նչ ես տեսել, ասա՛ մեզ,– կրկնեցին բոլոր եղբայրները։

- Երազումս տեսնում էի երկնքից իջած երկու հրեշտակ, մինը քան զմյուսը գեղեցիկ։ Մեկը թուր ուներ ձեռին, իսկ մյուսը՝ մի փունջ ծաղիկ։ Թրավորը թուրը շողշողացնում էր ձեր գլխներին, իսկ փնջավորը դեմ էր անում ինձ իր հոտավետ փունջը։ Այս երազիս մեջ էի, մեկ էլ պատուհանիս առջև մի թռչնիկի ձայն լսեցի, որ երգում էր. «Վո՛ւրգ-Վո՛ւրգ-Վո՛ւրգ»։ Այս անվան վրա ես զարթնեցի և մի կերպ եղա, քիչ մնաց սիրտս գնում էր։ Կարծես թռչնիկը այն հրեշտակի անունը տվավ, որ ինձ մի փունջ ընծայեց, և ինչքա՛ն գեղեցիկ էր նա, ինչքա՜ն, ինչքա՜ն…

Ասաց քույրը և արտասուքն աչքերին հեռացավ եղբայրներից, որ իր ներքին հուզմունքն ու շփոթությունը ծածկե նրանցից։

- Մեր քույրն իր բութան[2] ստացել է,– ասաց մեծ եղբայրը,– եթե այդ բութա տվողը գա՝ մենք պիտի հաղթվենք։ Սրի շողշողալը մեր հաղթվելն է նշանակում։

- Եվ կարծեմ ժամանակն էլ է, որ մեր քույրն իր մուրազին հասնի,– ասաց փոքր եղբայրը,- բավական է, որքան որ արյուն թափեցինք դրա համար։ Այսուհետև ով որ գա՝ իմ գլխի վրա տեղ ունի։

- Այդ շա՛տ լավ ես ասում,– ասաց մի ուրիշը,– բայց կարելի է թե՝ եկողը նրա Վուրգը չէ, այլ՝ մի ուրիշը, մի՞թե մենք պետք է ամեն եկողի տանք մեր քույրը։

- Ո՛չ, ո՛չ,- ձայն տվին ամեն կողմից,- թող մեր գլխին թուր շողշողա, և մեր քույրը իր ուզածին գնա։

Այսպես խոսեցին եղբայրները, բայց ամենի սիրտն էլ այնպիսի մի ահ ընկավ, որ մինչև այդ օրը նրանցից ոչ մեկն զգացած չէր։

  1. Քմույշ - քմայք, քմահաճույք
  2. Բութա - հույս, ապավեն
68