Այս էջը հաստատված է

Ղ. Աղայանի հեքիաթներում բացառիկ տեղ ունի «Անահիտը», որը բուն իմաստով հեքիաթ չէ, այլ պատմական գեղեցիկ և իմաստուն վիպասանություն։ Հեղինակը նյութը քաղել էր ժողովրդական բանավոր զրույցներից, որոնց զուգահեռներն առկա էին հայ և կովկասյան ժողովուրդների բանահյուսության մեջ իբրև հեքիաթներ, առանց հերոսների անունների և կոնկրետ պատմա-աշխարհագրական տեղավայրերի։ Աղայանն այդ զրույցներն առել, տեղայնացրել է, պատմականացրել, կապել 5-րդ դարի Աղվանից աշխարհի և Հայաստանի իրական պատմական բնակավայրերի (Պարտավ, Պերոժ, Հացիկ), գետերի (Թարթառ, Կուր), Աղվանից նշանավոր թագավորներ Վաչեի, Վաչագանի և Մեսրոպ վարդապետ Մաշտոցի անունների հետ։ Այդ կերպ նա իրական պատմական երանգ է հաղորդել հեքիաթատիպ սյուժեների բովանդակությանը և իր վերամշակումը վերածել պատմական վիպասանության։ «Անահիտում» իսպառ բացակայում են դասական հեքիաթներին բնորոշ հրաշապատում մոտիվները։ Անգամ Պերոժ քաղաքի քրմերի կեղծ սրբավայրը, որը վերածել էին մարդկանց մի զարհուրելի տանջարանի, և որը ենթադրում էր հրաշապատում նկարագրություն, պատկերված է այնպիսի իրատեսական գծերով, որոնք հիշեցնում են Աղայանի մահից տասնամյակներ անց Երկրորդ աշխարհամարտի տարիների ֆաշիստական համակենտրոնացման տանջարան-ճամբարները՝ անգամ մարդակերության սահմռկեցուցիչ փաստերով։

Աղայանը, դիմելով ժողովրդական հեքիաթների վերամշակմանը, առաջին հերթին հետապնդել է մանկավարժական-դաստիարակչական նպատակներ։ «Իմ նպատակն է եղել և է,― գրել է նա― հեքիաթով հեքիաթական աշխարհը մտցնել երեխային և այդ աշխարհում կրավորական դեր չտալ նրան, այլ ներգործական, որ երեխան իր երևակայությամբ մտնի հերոսի դերի մեջ, այն անե, ինչ որ հերոսն է անում, նրա պես քաջասիրտ լինի, նրա պես վեհանձն և ազնիվ»[1]։ Ապա ավելացնում է, որ «հեքիաթական աշխարհը իրական աշխարհի ամենաճշգրիտ պատկերն է», և «իրական աշխարհի դևերը, վիշապները, սատանեքն ու քաջքերը ավելի ևս սարսափելի են», քան հեքիաթներինը։ Անվանի գրողի այս մտքերը մի կողմից միտված են մանուկների մեջ հեքիաթների միջոցով դաստիարակել անվեհերություն, վեհանձնություն և ազնվություն, մյուս կողմից նրանց մղել հասարակական կյանքում առկա բոլոր կարգի չարիքների ու չար ուժերի դեմ աննկուն պայքարի։ Այս ազնիվ նպատակն ու գաղափարը Ղ. Աղայանը փայլուն ձևով մարմնավորել է իր մշակած ժողովրդական հեքիաթներում և «Քյորօղլի» էպոսի իր փոխադրած դրվագներում, որոնք ևս զետեղվել են սույն ժողովածուում, քանզի նույն նպատակն են հետապնդում, ինչ հեքիաթները։

Հեքիաթների տեքստերում հանդիպող որոշ բարբառային և քիչ օգտագործվող բառեր նշված են աստղանիշերով։ Այդ բառերի պարզաբանումները տրվում են գրքի վերջում զետեղված «Բառարանում»։

Եվ այսպես, սիրելի ընթերցող, խորապես համոզված եմ, որ կարդալով այս գիրքը դու կհամակվես բարու, գեղեցկի, լավի և ազնվի պաշտամունքով, քաջությամբ, անվախությամբ և արդարամտությամբ, կյանքում առկա չարիքներն ու խոչընդոտները հաղթահարելու աննկուն կամքով, սեփական ուժերիդ ապավինելու լավատեսությամբ, աշխատասիրությամբ, կրթության, գիտության նվաճումները տիրապետելու ազնիվ ձգտումներով, որոնցով կիրագործվի նաև մեծանուն գրող-մանկավարժի կամքն ու բաղձանքը։

Սարգիս Հարությունյան
20 հունվարի 2004 թ.

  1. Ղ. Աղայան, Երկերի ժողովածու, հատ. 3, Երևան, 1963, էջ 213։