Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/84

Այս էջը հաստատված է


Խորամանկ Ուխայը հեշտ և շուտ խաբվող չէր։ Նա ամեն հնար գործ դրավ, որ իմանա, թե արդյոք Քաջիկն ստո՞ւյգ խելագար է, թե՞ ձևանում է միայն, բայց ի վերջո բոլորովին համոզվեցավ, որ Քաջիկի խելագարության մեջ ոչինչ կեղծիք չկա…

Հենց այդ ժամանակները Քաջիկի հայրը եկավ աղբյուրից խմեց, ուխա՜յ ասաց։ Ուխայն իմացավ և իսկույն Քաջիկին տարավ տվավ հորը և ասաց.

— Որդիդ հիվանդացավ, և ինչ որ սովորել էր, մոռացավ։ Տար տուն, երբ որ լավանա՝ էլի՛ բեր ինձ մոտ։— Այս ասելուց հետո նրան մի քսակ ոսկի տվավ և ինքն անհայտացավ։

3

Ուխայը չասաց, թե՝ քո որդին խելագարվել է, և լավ էր, որ չասաց. եթե ասեր՝ շատ վատ կլիներ Քաջիկի համար, նա այնուհետև ինչ խելոք բան էլ որ աներ, հորը խենթություն պիտի թվար։

Ճանապարհին հայրն սկսեց հանդիմանել որդուն և ասել, որ նա կարողանալու չէ մարդ դառնալ։

— Մարդ որ չդառնամ,— պատասխանեց որդին,— մի՞թե մի ուրիշ կենդանի էլ չեմ կարող դառնալ, օրինակ՝ ձի, էշ, ուղտ…

— Ի՞նչ ասել կուզի որ կարող ես. ի՞նչ կա ավելի հեշտ, քան թե էշ դառնալը, դժվարը միայն մարդ դառնալն է…

— Այդպես չէ, հա՛յր, մարդ դառնալու համար ոչինչ դժվարություն չկա. մենք մարդ ենք ու մարդ, էլ ի՞նչ հարկ կա մարդ դառնալ, բայց ուրիշ բան է, եթե մարդը կարողանա էշ դառնալ, ձի դառնալ, քար դառնալ, ծառ դառնալ…

— Այդպես չէ, որդի՛, ով որ օրինավոր մարդ չէ, նա մի որևիցե կենդանու է նման․ հապա չե՞ս լսել, որ ասում ենք՝ այսինչ մարդը հիմար էշ է, փլանը կոպիտ արջ է, փստանը անզգա խոզ է, այսինչը խաբեբա աղվես է, այնինչը գիժ գոմեշ է, Մարկոսը մի խորամանկ օձ է, Կիրակոսը վախկոտ նապաստակ է, Մաթոսը մի կատաղած շուն է…

— Ո՛չ, հայրի՛կ, ես ուրիշ բան եմ ասում, դու՝ ուրիշ։ Ախր, ես ուսում եմ առել, շատ բան եմ սովորել, դու իմ ասածը, իմ լեզուն չես կարող հասկանալ։

— Ինչո՞ւ չեմ հասկանալ, որդի՛, եթե մարդավարի խոսես։ Ես ասում եմ՝ մարդ դառնալն է դժվար, դու ասում ես՝ էշ դառնալն է դժվար, այստեղ ի՞նչ կա չհասկանալու, այդ ի՞նչ ուսում է…

— Այս այն ուսումն է, որ ես կարող եմ ուղտ դառնալ, բայց դու չես կարող…

— Աստված մի՛ արասցե, ես չեմ ուզիլ ուղտ դառնալ։ Ինչո՞ւ մարդ դառնալը թողած՝ ուղտ դառնալը սովորեցիր, մի՞թե մեզանում քիչ ուղտեր կան… Ով որ լսի, մեզ ի՞նչ կասի, չի՞ ասիլ՝ փլանը յուր տղին տարել է տվել ուսումի, որ մարդ դառնա, բայց նա ուղտ է դառել…

Այսպես հայր ու որդի վիճելով շարունակեցին իրանց ճանապարհը, մինչև հասան մի մացառուտ տեղ։ Այնտեղ Քաջիկը ետ ընկավ և, մի թուփի քամակ անցնելով՝ դառավ մի եղնիկ և վազելով գնաց հոր առաջը։ Հայրն ուզեց բռնել, չկարողացավ։ Եղնիկը չէր փախչում, այլ մինչև անգամ բռնել էր տալիս և մեկ էլ հանկարծ դուրս պրծնում։ Հայրը կանչեց Քաջիկին, որ հասնի օգնե, բայց Քաջիկը չերևաց, մինչև եղնիկը փախավ ընկավ մացառուտը, նոր այնտեղից դուրս եկավ Քաջիկը։ Հայրը բարկացավ որդու վրա,

80