թե քիչ, Աստված գիտե, վերջը հասավ մի ծովեզերյա քաղաք։ Այս քաղաքումը նա լսեց, որ ծովումը մի կղզու վրա մի երևելի բժիշկ է կենում, և նա ամեն ցավի դեղ գիտե, ամեն ցավ բժշկում է։ Նա շաբթենը երկու անգամ դուրս է գալիս յուր նավակով և ամեն հիվանդի ասում է, թե ինչո՛վ պիտի բժշկվի, շատ անգամ դեղերն էլ ինքն է տալիս և ոչինչ չի առնում ո՛չ դեղի և ո՛չ բժշկության համար։
Այս լուրը շատ ուրախացրեց Քաջիկին։ Մյուս օրը բժշկի դուրս գալու օրն էր։ Քաջիկը գնաց ծովափ և մյուս հիվանդների հետ կանգնեց։ Անթիվ հիվանդներ կային ոչ միայն մոտիկ տեղերից, այլև՝ շատ հեռավոր երկրներից։ Շատերը մերձիմահ ընկած էին մահիճների մեջ, նրանց բերել էին պատգարակներով։ Բժիշկը դուրս եկավ ափը և ամենից առաջ դժվար հիվանդների մոտ գնաց, նրանց ամենքին էլ դեղ տալով՝ իսկույն ոտքի կանգնեցրեց և, մի քանի խորհուրդ տալով՝ ճանապարհ ձգեց, պատգարակով բերածները վերադարձան իրանց ոտքով։ Հետո մոտեցավ ավելի թեթև հիվանդներին և որին դեղ տվավ, որին՝ խորհուրդ, ամենից վերջը մոտեցավ Քաջիկին և ասաց.
— Դու կգաս ինձ հետ, քեզ ինձ մոտ կբժշկեմ։— Այս խոսքն այնպես քաղցրությամբ և մտերմաբար ասաց, որ կարծես նրա մոտիկ բարեկամը և ծանոթը լիներ։
Քաջիկը բժշկի հետ նստեց նրա նավակի մեջ, և թիավարելով գնացին բժշկի բնակարանը։
Բժշկի կղզին մի փոքր կղզի էր, և բացի իրանից ոչ ոք չէր կենում այնտեղ։ Նա էլ ուներ Ուխայի նման լավ տուն ու տեղ, լավ այգի, բայց բոլորն էլ հասարակ, բնական, ինչպես սովորաբար լինում են աշխարհի լավ տներն ու այգիները, միայն ավելի գեղեցիկ, ավելի ճաշակով էր շինված։ Նրա պարտիզի մեջ ամեն տեսակ խոտ ու ծաղիկ կար. այդ բույսերը աճում, ծաղկում էին և անուշահոտությամբ լցնում ամբողջ պարտեզը։ Նրանք ամենքն էլ պետքական էին, ամեն մինը մի քանի ցավի դեղ էր։ Նրա տունը զարդարած էր գեղեցիկ կահ-կարասիքով։ Մի մեծ սենյակ գրքերով էր լիքը, մի քանիսը՝ հազար ու մեկ տեսակ բաներով։ Այդտեղ կային զանազան հանքեր, չորացած բույսեր, հեղուկ և չորացրած դեղեր։
Բժիշկն սկսեց Քաջիկին հարցուփորձ անել, և երբ որ իմացավ նրա գլխի անցքը՝ ասաց.
– Ուրեմն, դու կմնաս ինձ մոտ, ես քեզ այն բաները կսովորեցնեմ, ինչ որ վայել է մարդուն գիտենալ, քո առաջվան սովորածդ մի անբնական և ցնորական բան է եղել և ցնորքի պես էլ ցնդել է օդի մեջ։ Ես քեզ կսովորեցնեմ բժշկություն, բայց առաջ քեզ կբժշկեմ, որ դու հավատաս իմ դեղերի զորությանը։
Այս ասելուց հետո Քաջիկին մերկացրեց և մի տեսակ յուղ քսեց նրա բոլոր մարմնին և երեսին։ Մյուս օրը մեր Քաջիկն այնպես էր, ինչպես մորից նոր ծնած. նա ոչ միայն բոլորովին լավացավ, առողջացավ, այլև ավելի թարմացավ, գեղեցկացավ, քան թե առաջ էր։
Բժիշկը, որքան որ նշանավոր բժիշկ էր, մի այնքան էլ շնորհալի դաստիարակ էր։ Ինչ որ ուրիշը մի տարումը հազիվ կարող էր սովորեցնել, նա մի քանի օրումն էր սովորեցնում։ Քաջիկն էլ լավ աշակերտ էր, և նրա ուշիմությունն էր, որ գրավում էր բժշկին, եթե ոչ՝ նա իզուր տեղը յուր անցավ գլուխը ցավի մեջ չէր գցիլ։ Տեսավ, որ մի շատ շնորհալի տղա է Քաջիկը, ուզեց մի հիշատակ թողնել իրանից հետո, որ յուր տեղը բռնող մեկը լինի։ Քիչ ժամանակից հետո մեր Քաջիկը դարձավ բժշկի քաջ օգնականը, և ամեն անգամ, երբ բժիշկը դուրս էր գալիս ցամաք՝ հիվանդներին բժշկելու, Քաջիկին էլ