Աշակերտները պատրաստակամություն հայտնեցին և պատրաստեցին իրանց վիրահատության սուր-սուր դանակները։ Քաջիկը մի դեղ խմեց, թմրեց, աշակերտները ճարտարությամբ կատարեցին ամեն բան։ Մնաց վերջին կենարար հեղուկը, որ պիտի ածեին բերանը։ Գաբրիել հրեշտակը աներևութապես կանգնած էր նրանց մոտ և, նրանց արածը մի տեսակ օյինբազություն համարելով՝ ծիծաղում էր։ Վերջին հեղուկը որ ուզեցան ածել Քաջիկի բերանը՝ հրեշտակը խփեց թևովը, և շիշը վայր ընկավ աշակերտի ձեռքիցը, և բոլոր հեղուկը վայր թափվեց ցնդեց, մի կաթիլ միայն ընկավ Քաջիկի բերանը։ Այդ մի կաթիլը կես շունչ և կես կյանք տվավ Քաջիկին, և նա կանչեց.
— Քի՜չ էլ. քի՜չ էլ…
Ուզում էր ասել, «էլի՛ մի քանի կաթիլ կաթեցրեք»,— չիմանալով, թե ի՜նչ փորձանք է պատահել շշի գլխին։
Այսպես ահա խեղճ Քաջիկը մինչև այսօր էլ կա՝ ո՛չ մեռած և ո՛չ կենդանի, և անդադար կանչում է.
— Քի՜չ էլ, քի՜չ էլ…
Այսպիսի մի վախճան է ունեցել և երևելի Լոխման հեքիմը[1]։ Նա էլ յուր կյանքի վերջումը Քաջիկի նման մի փորձ է արել և մինչև այսօր կանչում է բարակ ձայնով. «Բիր ուզ… բիր ուզ»։ Բերանն այնքան բաց չի լինում, որ կարենա ասել. «Բիր ազ, բիր ազ»,– որ նշանակում է՝ մի քիչ, մի քիչ, այսինքն՝ մի քիչ էլ, մի քիչ էլ…
|
- ↑ Հեքիմ - բժիշկ