թյան, նրա աչքերի մեջ մի այնպիսի գրավիչ զորություն կար, որ իսկույն կախարդեց Վաչագանին և ապշեցրեց նրան։
— Անունդ ի՞նչ է,— հարցրեց Վաչագանը։
— Անահիտ,— պատասխանեց աղջիկը։
— Ո՞վ է քո հայրը։
— Իմ հայրը մեր գյուղի նախրչի Առանն է։ Բայց ինչո՞ւ ես ուզում իմանալ, թե իմ անունն ինչ է, կամ ով է իմ հայրը։
— Ոչի՛նչ, հենց այնպես հարցնում եմ. հարցնելը հո մե՞ղք չէ։
— Եթե հարցնելը մեղք չէ՝ խնդրեմ, դու էլ ինձ ասես, թե ինքդ ո՞վ ես, ո՞րտեղացի ես։
— Սո՞ւտ ասեմ, թե՞ ճշմարիտ։
— Ո՛րը քեզ արժան կհամարես։
— Իհարկե, ես արժան կհամարեմ ճշմարիտը, իսկ ճշմարիտն այս է, որ ես հիմա չեմ կարող ուղիղն ասել, թե ես ով եմ, բայց խոսք եմ տալիս մի քանի օրից հետո հայտնել։
— Շա՛տ լավ։ Շնորհեցեք ինձ փարչը, և եթե էլի ջուր եք կամենում՝ բերեմ։
— Ո՛չ, շնորհակալ ենք. դու լավ խրատ տվիր մեզ, այդ կհիշենք միշտ և քեզ չենք մոռանալ։
Անահիտն առավ փարչը և հեռացավ։