Այս էջը հաստատված է



Մինչև անգամ, երբ աղավնի էին տեսնում երազում, սարսափում էին նրանք։

Ամեն անգամ, երբ մայրս տեսնում էր աղավնին մեր կտուրի վրա իջած, ահով էր բռնվում։

— Աղվընիկը տեներին[1] վրե է նստեր,— ասում էր և խաչակնքում դողահար։

Հին այդ երկրում որևէ մեկին անարգելու համար «աղվընիկ խաղցնող» էին կանչում, եթե մինչև անգամ աղավնիների հետ կապ էլ չունենար։

Դպրոցում մեր կրոնի վարժապետը դաս չիմացող աշակերտի երեսին թքում էր և բղավում.

— Դասդ չես գիտեր, աղվընիկ խաղցնող։

Մենք կարող էինք գանգատվել դպրոցի տեսչին, որ խոսակցության ընթացքում մի աշակերտ մի ուրիշ աշակերտի «աղվընիկ խաղցնող» ածականով է որակել։ Սա ավելի ստոր հայհոյանք էր համարվում, քան մորը հայհոյելը։

Իսկ իսկական աղվընիկ խաղցնողին մատով էին ցույց տալիս, ինչպես պոռնիկին և գողին։

Ո՛չ միայն աղվընիկ խաղցնողին և նրա տղին աղջիկ չէին տալիս, այլև որոնում էին մինչև անգամ, թե տղի կամ աղջկա «ճինսին մեջ աղվընիկ խաղցնող եղե՞ր է, թե չէ»։

Եթե մեկն ու մեկն ասեր, թե՝

— Կըսեն քի՝ աղջկա (կամ տղի) մոր հորեղբոր փեսի ախպարը աղվընիկ խաղցնող է եղե՜ր,— եզրակացությունը պարզ էր. անմիջապես նշանը (եթե մինչև անգամ տվել էին) ետ էին ուղարկում, խնամիական բոլոր կապերը խզում։

Բայց մենք, մանուկներս, սիրում էինք աղավնիները, իսկ աղավնի խաղացնողները մեր աչքում հերոսներ էին։

Մանուկների համար այդ բոլորն անհասկանալի և տարօրինակ էին։

Չէ՞ որ եկեղեցում ոսկյա աղավնու բերանից էին կաթեցնում մեռոնը՝ թևաբաց ոսկյա աղավնու։

Աղավնին գովաբանվում էր, իբրև անմեղության նշան, բոլոր երգերում։

  1. տեներ— կտուր